Friday, November 5, 2010

ԿԻՍԵԼ, ԹԵ ՉԿԻՍԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 5-11-2010- Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության հետ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը միաժամանակ գովում եւ դժգոհում էր կառույցի աշխատանքից. կես-կես: Դա թերեւս խորհրդանշական էր այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը որոշեց ՊԵԿ աշխատանքին անդրադառնալ մամուլում հայտնված այն տեղեկությունների ֆոնին, թե նա պատրաստվում է կիսել ՊԵԿ-ը եւ բաժանել հարկային ու մաքսային ծառայությունները:
Այն, որ նա ՊԵԿ աշխատանքից մի քիչ գոհ էր եւ մի քիչ դժգոհ, գուցե հուշում է, որ գնահատականը կիսելով, Սերժ Սարգսյանը մտածում է նաեւ կառույցը կիսելու մասին: Իսկ ինչը կարող է լինել այդ քայլի շարժառիթը, այն էլ ընտրական շրջանի շեմին: Հնարավոր տարբերակները մի քանիսն են, եւ դրանք թերեւս բոլորն էլ քաղաքական են:

Բանն այն է, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը ընտրության շեմին այդօրինակ քայլի գնա կառույցների արդյունավետությունը բարելավելու համար: Նախ, նա կարծես թե արդյունավետությունից չունի դժգոհություն եւ հայտարարում է, որ փողը հավաքվում է եւ նույնիսկ գերակատարվում, ինչը օրեր առաջ խոստովանեց նաեւ ՊԵԿ նախագահի հետ որոշակի հակադրության մեջ գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, արդյունավետության տեսանկյունից թերեւս ավելի ճիշտ է, որ ընտրության շեմին պետական եկամուտների համար պատասխան տա մեկ մարդ, այսինքն կառույցի միասնական ղեկավար:

Իսկ ՊԵԿ ներկայիս ղեկավար Գագիկ Խաչատրյանը կարծես թե այն մարդն է, ում Սերժ Սարգսյանը վստահում է, ում նշանակել է այդ պաշտոնին եւ տվել հարկայինի եւ մաքսայինի միասնական կառավարման իրավունք: Խնդիրն այստեղ թերեւս այն է, որ Գագիկ Խաչատրյանին չի վստահում խոշոր գործարարների մի զգալի հատված: Նրանցից շատերը չեն էլ թաքցնում իրենց դժգոհությունը Գագիկ Խաչատրյանի աշխատանքից, դրանում տեսնելով նաեւ որոշակի միտում, քանի որ Խաչատրյանը համարվում է նաեւ խոշոր սեփականատեր, որը ներգրավված է բիզնեսի տարբեր ոլորտներում: Ընդ որում, ոչ միայն դժգոհությունը չեն թաքցնում, այլ նաեւ հաճախ չեն թաքցնում նրան աշխատանքից ազատված տեսնելու ցանկությունը;

Հարկայինն ու մաքսայինը կիսելով, Սերժ Սարգսյանը միգուցե կփորձի բավարարել Գագիկ Խաչատրյանից դժգոհներին: Այդ առումով հատկանշական է, որ մամուլի հրապարակումներում նշվում է, թե Գագիկ Խաչատրյանին նախատեսում են պահել հարկայինում, իսկ մաքսայինի պետ նշանակել այլ անձի (նշվում է Ռուբեն Հայրապետյանի անունը): Խնդիրն այն է, որ Գագիկ Խաչատրյանից խոշոր գործարարների դժգոհությունները գալիս են հիմնականում մաքսային ոլորտի կապակցությամբ: Եվ թերեւս պատահական չէ, որ ծրագրվում է ՊԵԿ-ի կիսելիս Գագիկ Խաչատրյանին թողնել հարկայինը: Մինչդեռ հետաքրքրական է, որ մինչ միասնական հարկային եւ մաքսային կառույցի ղեկավար նշանակվելը, Գագիկ Խաչատրյանը հենց մաքսայինում էր ղեկավարություն անում: Դա թերեւս վկայում է, որ հարկայինն ու մաքսայինը կիսելով, Սերժ Սարգսյանն առավելապես փորձում է բավարարել խոշոր բիզնեսի այն հատվածի դժգոհությունը, որ առկա է Գագիկ Խաչատրյանի աշխատանքի հանդեպ:

Այսինքն, Սերժ Սարգսյանը մի կողմից փորձում է շատ չվնասել կարեւոր ոլորտի յուրային պաշտոնյային, մյուս կողմից փորձում է ընտրություններին ընդառաջ բավարարել ՊԵԿ աշխատանքի հետ կապված խոշոր բիզնեսի դժգոհությունը:

Ընդ որում, ամենեւին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը գործնականում չգնա ՊԵԿ կիսելու քայլին, այլ պարբերաբար փորձի գեներացնել այդ մասին խոսակցություններ, առիթ տալ տեղեկատվական հոսքերի, դժգոհ գործարարներին զուտ քարոզչական էֆեկտի միջոցով բավարարելու, այսինքն նրանց պարզապես հոգեբանական, “բարոյական” աջակցություն ցույց տալու հաշվարկով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: