Tuesday, November 2, 2010

Աշխարհն ուզում է լուծել ԼՂ խնդիրը «Հողեր՝ ժամանակավոր կարգավիճակի դիմաց» բանաձևով. Արամ Կարապետյան

Tert.am. 2-11-2010- ԼՂ ճանաչման գործընթացը պետք է ավելի վաղ սկսվեր, այժմ ճանաչումը որակական փոփոխության չի բերելու, որովհետև քաղաքական կոնյունկտուրան այնպիսին է, որ որևէ երկիր չի ճանաչելու այդ անկախությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Ժառանգության» ներկայացրած ԼՂ անկախության ճանաչման մասին օրինագծին: Նախագծի քվեարկության հետաձգումը Արամ Կարապետյանը ճիշտ մոտեցում համարեց՝ նշելով, որ հակառակ դեպքում, այս պահին ԼՂ անկախության ճանաչումը տարածաշրջանում կհանգեցնի ապակայունացման:Ավելին, նա վստահ է, որ եթե հիշյալ օրինագիծն Աստանայում կայանալիք նախագահների հանդիպումից հետո էլ դրվի քվեարկության, կնշանակի հայկական կողմը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը:
«Իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը չնայած իրարամերժ ձգտումներ ունի, բայց նպատակաուղղված է լուծելու ԼՂ թնջուկն ու բացելու հայ-թուրքական սահմանը՝ առաջ բերելով Ցյուրիխ-2-ը: «Հողեր՝ ժամանակվոր կարգավիճակի դիմացի» ծիրի մեջ է համաշխարհային հանրությունը տեսնում հարցի լուծումը»,-ասաց Արամ Կարապետյանը:
Կարապետյանը հավանական չհամարեց Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ճանապարհային քարտեզի ստորագրումը: Ըստ նրա՝ խիստ գործողություններ ենթադրող ժամանակացույցով փաստաթուղթ չի ստորագրվի, բայց հնարավոր է ստորագրվի գործընթացը շարունակելու կողմերի կամքն ամրագրող որևէ փաստաթուղթ:
Ասուլիսի մյուս մասնակից, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը վերահաստատեց, որ ՀՀԿ-ն դեմ է ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին այն պատճառով, որ չի ցանկանում՝ խաթարվի բանակցային ձևաչափը։
Նա նաև ասաց, որ «այս պահին չկան նախադրյալներ, որոնք թույլ կտան ասել, որ Աստանայում կլինի ճանապարհային քարտեզ, փաստաթուղթ, որի տակ կդրվի ստորագրություն»:

No comments: