Thursday, December 2, 2010

Մոսկվան Թուրքիայի դեմ օգտագործում է «օրենքով գողերին»

Tert. Am. 2-12-2010- Արևմտյան մամուլը շարունակում է հրապարակել Wikileaks–ի տարածած Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը։
Բրիտանական The Guardian պարբերականի կողմից հրապարակված նոր փաստաթղթերից մեկում նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները և հատուկ ծառայությունները «կեղտոտ գործերի» համար օգտագործում են հանցավոր խմբավորումներին։
Մադրիդում ԱՄՆ–ի դեսպանատան կողմից Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ուղարկված մի հեռագրում նշվում է, որ 2010թ. հունվարի 13-ին Եվրոպայում ռուսական մաֆիայի գործունեությունը հետաքննող իսպանացի դատախազ Ժոզե Պեպե Գրինդա Գոնզալեսն ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների համար ճեպազրույց է կազմակերպել՝ նվիրված ռուսական մաֆիայի՝ Կրեմլի և ռուսական հետախուզության հետ ունեցած հարաբերություններին։
Իսպանացի դատախազը հայտարարել է, որ քրեական հեղինակությունները վայելում են Մոսկվայի լիարժեք աջակցությունը, և Կրեմլը նրանց օգտագործում է «կեղտոտ և մութ» գործերում։
Ժոզե Պեպե Գրինդա Գոնզալեսը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները քրեական հեղինակությունների միջոցով «Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու համար զենք են վաճառում Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK)»:
Իսկ որպես իր ասածների ապացույց՝ իսպանացի դատախազը ներկայացրել է որոշ մանրամասներ Իսպանիայում ձերբակալված «օրենքով գող», Վրաստանի քաղաքացի Զախար Կալաշովի (Շաքրո կրտսեր) գործունեությունից, ով նույնպես մեղադրվում է PKK–ին զենք մատակարարելու մեջ։ Ժոզե Պեպե Գրինդա Գոնզալեզը նշել է, որ Մոսկվան այդ քրեական հեղինակությանն օգտագործել է Թուրքիայի դեմ։
Ի դեպ նշենք, որ «օրենքով գող» Շաքրո կրտսերը Դեդ Հասան մականունով հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի մերձավորներից է։ Այն բանից հետո, երբ Դեդ Հասանի դեմ իրականացվեց մահափորձ, նրա անվան հետ կապված տարբեր տեղեկություններ սկսեցին շրջանառվել մամուլում։ Օրինակ, թուրքական մամուլը նրան մեղադրեց PKK–ի հետ սերտ կապեր ունենալու, ինչպես նաև այդ կազմակերպությանը սպառազինություն ձեռք բերելու հարցում օժանդակելու մեջ։
Իսկ կոնկրետ Կալաշովի առնչությամբ թուրքական Milliyet օրաթերթը ժամանակին գրել էր.
«Ուսոյանի մերձավորներից ազգությամբ քուրդ, Վրաստանի քաղաքացի Զախար Կալաշովը (Շաքրո կրտսեր) անցած տարի Իսպանիայում դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման` փողերի լվացման և հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով: Կալաշովը ժամանակին մեղադրվում էր այն բանի համար, որ 2009թ. Լոնդոնում սպանված ՊԱԿ-ի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն նրա միջնորդությամբ է զենք վաճառել PKK-ին»:

No comments: