Friday, December 3, 2010

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ԲԱՆԱՁԵՎ»

«ԱԶԳ», 03-12-2010- Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը գնահատեց` դիտարկելով բոլոր հնչած հայտարարությունները, որոնք առնչվում էին ղարաբաղյան հակամարտությանը, Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների ելույթները, հնգակողմ հայտարարությունը, նախագահ Սարգսյանի ելույթը:

- Այս փաստաթղթերը համատեղ վերլուծելով` մենք գալիս ենք հետեւյալ եզրակացությանը, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցի լուծումը հստակորեն տեսնում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական դրույթների համատեքստում: Սկսենք նրանից, թե ի՞նչ էր ասում Դմիտրի Մեդվեդեւը : Նրա ելույթի կարեւոր մասը այն է, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է. բոլորս էլ հասկանում ենք` ո՞վ է սուր ճոճում, ո՞վ է փորձում Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով: Մեդվեդեւի խոսքն, անշուշտ, ուղղված էր Ադրբեջանին` միանշանակ եւ հստակ: Երկրորդ ուղերձը նա հղում էր ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրությանը` մշակել հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն մշտապես եւ առանց ընտրության: Մեկնաբանենք` եթե միջազգային հանրությունը հարգեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքը եւ կարողացավ հումանիտար աղետից փրկել, ռազմական միջամտություն ցուցաբերել եւ օգնել, որ Կոսովոյում կառուցվի ինքնուրույն անկախ պետություն, ապա նմանատիպ մոտեցում պետք է ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում:
Կարեւոր եմ համարում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը, ուր նշվում էր, որ որպես համանախագահող երկիր ԱՄՆ-ը յուրաքանչյուր լուծում արդարացի է համարում, եթե այն հիմնված է Հելսինկյան ակտի սկզբունքների վրա եւ մնացած` մինչ այդ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի Աքվիլայում մշակած եւ Մուսկոկոում վերահաստատված 6 կետերի հիման վրա: Քլինթոնը նշում էր այդ կետերի միասնական ամբողջությունը` համարելով, որ որոշների առանձնացումը կամ անտեսումը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը: Սա շատ կարեւոր հայտարարություն էր այն առումով, որ վերջին` Լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն ընդունեց հռչակագիր` կոնֆլիկտների լուծման հարցում որպես սկզբունք ընդունելով տարածքային ամբողջականությունը, մեզ մոտ որոշակի մտահոգություններ էին առաջացել: Քլինթոնի ելույթն ամբողջովին վերացնում է այս մտահոգությունը, քանի որ կոնկրետ ԼՂ հարցին էր ուղղված, թե կարգավորման սկզբունքները պետք է գործեն համահավասար եւ դրանցից որեւէ մեկը չպետք է առանձնացնել: Եթե առանձնացնում ես, դա նշանակում է, չես ցանկանում հարցը լուծել: Հստակ է, որ այս ուղերձն ուղղված էր ԵԱՀԿ անդամ երկրների նախագահներին եւ առաջին հերթին` Ադրբեջանի նախագահին, որը ցանկանում է միշտ առանձնացնել տարածքային ամբողջականության գաղափարը: Աշխարհի գերհզոր համանախագահ երկրների ղեկավարների ելույթները, կարծում եմ, շատ էական նշանակություն ունեն:
Հնգակողմ հայտարարությունում էլ առաջին անգամ` ԼՂ հարցի կարգավորման հարցում ի թիվս բազմաթիվ այլ փաստաթղթերի, նշվում է նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությունը: ՄԱԿ-ի նպատակների բաժնում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը դիտարկվում է որպես նպատակ, եւ հստակ է` այն ամբողջությամբ համապատասխանում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Իսկ որ ադրբեջանցիները բազմաթիվ հղումներ են անում ՄԱԿ-ի կանոնադրությանն ու որոշումներին` պետք է բացատրել նրանց ՄԱԿ-ի կանոնադրության հոդված երկրորդի 4-րդ կետը, որտեղ հստակ նշված է. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են որեւէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ, կամ` ՄԱԿ -ի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
Ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության վերլուծությունից դառնում է առաջնային, որովհետեւ նա նպատակների մեջ է, իսկ տարածքային ամբողջականությունը որպես սկզբունք է կիրառվում: Եթե Հայաստանը չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այստեղ գործում է միայն ու միայն ԼՂ ինքնորոշման իրավունքը: Այսինքն դրանք փոխլրացնող սկզբունքներ են, ոչ թե միմյանց հակասող, ինչը նաեւ հայտարարում են համանախագահող երկրների ղեկավարները:

- Լավ, ունեցանք այդպիսի հայտարարություն, դա ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել գործընթացը, մանավանդ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, չէր էր կարող ստորագրվել, բացի այդ գործնական քայլ էլ չկա` Սարգսյանն ու Ալիեւը չեն հանդիպել: Ալիեւի ագրեսիվ ելույթին զուգահեռ ինչպե՞ս եք գնահատում մեր նախագահի ելույթը:
- ԼՂ հիմնարար կարգավորման որեւէ փաստաթուղթ, այո, չէր էլ կարող ստորագրվել, որովհետեւ իրավիճակն այնպիսին չէ: Բայց խնդիրն այն է, որ հանրությունը, հանձին ԵԱՀԿ-ի, որը հակամարտությունների կանխարգելման եւ լուծման մանդատ ունի, եւս մեկ անգամ հաստատեց, որ ԼՂ հարցի լուծումն ինքը տեսնում է միայն եւ միայն այս երեք սկզբունքների կիրառմամբ, այն էլ միաժամանակ (Քլինթոնն ու Մեդվեդեւն էլ նույնն ասել էին), ավելինՙ խնդրի ռազմական լուծումն անընդունելի համարեցին: Այս իմաստով այս հայտարարություններն ավելի կարեւոր են, քան եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվեր, որովհետեւ միջազգային հանրությունը, սկզբունքները նշելով` ասում է, ա՛յս սկզբունքների շուրջ պետք է լինի լուծում:

- Բայց ինչ օգուտ, երբ Ալիեւն այդ հայտարարությունից մի քանի ժամ հետո իրեն ցույց տվեց...
- Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը որեւէ փաստաթղթի կամ հայտարարության տակ ստորագրում է, որից մի ժամ հետո անմիջապես փոշմանում է, կամ` իրեն բացատրում են, որ սխալ է թույլ տվել, որից հետո անմիջապես հեռանում է: Սանկտպետերբուրգյան հայտարարությունից հետո էլ նա շտապ մեկնեց Բաքու: Խնդիրն այն է, որ Լիսաբոնից հետո Ադրբեջանը ոգեւորված էր, որ ինքը պետք է գար Աստանա` ԼՂ հարցը լուծելու միայն տարածքային ամբողջականության շրջանակում, բայց հիմա հասկացավ, որ այդպես չէ, իսկ կոնկրետ ԼՂ-ի նկատմամբ առաջարկվող երեք սկզբունքների կիրառման բանաձեւը առաջացրեց Ալիեւի խոր դժգոհությունը, որը դրսեւորվեց նրա վարքագծում:
Ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանի նախագահի ելույթին, որը տրամաբանական շարունակությունն էր բոլոր այն ելույթների, որոնք վերաբերում էին ԼՂ-ին: Շատ հակիրճ, բայց բովանդակալից ներկայացվել են ԼՂ ինքնորոշման իրավունքի իրականացման մեխանիզմները, պատմական-իրավական հիմքերը` սա կարեւոր է այն առումով, որ միջազգային հանրության մեջ քաղաքական էլիտան փոխվում է, եւ անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ այս ճշմարտությունները բացատրել, քանի որ Ադրբեջանն անընդհատ խոսում է Հայաստանի «ագրեսիայի» մասին: Նախագահը մի անգամ էլ բացատրեց հարցի լուծման ադրբեջանական միակ ընկալումը, որը հետեւանքների վերացմանն է միայն ձգտում, այնինչ պետք է փնտրել ճանապարհներ կոնֆլիկտի լուծման պատճառը վերացնելու: Նախագահի խոսքում կշտամբանք կար նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների հասցեին, որոնք խախտելով Եվրոպայում սովորական սպառազինության մակարդակը` օժանդակում են Ադրբեջանին նորանոր զինատեսակներ ձեռք բերելու գործում, վերջինս էլ հպարտությամբ հայտարարում է, թե բազմապատկել-քառապատկել է իր սպառազինությունները` խախտելով ԵԱՀԿ-ի չափորոշիչները սովորական սպառազինության վերաբերյալ:

- Իսկ որ խոսեց Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում ԼՂՀ-ի դե յուրե ճանաչելու մասին` դա արյո՞ք դիվանագիտություն է, թե՞ նախագահը ռազմական տարբերակի վտանգն իրական է համարում:
- Դա եւ քաղաքական-դիվանագիտական քայլ կարելի է համարել, եւ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հայտարարություն, թե հարգելով միջազգային գործընթացը, վստահություն ունենալով Մինսկի խմբի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը մինչեւ այժմ ձեռնպահ է մնացել Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց, բայց եթե Ադրբեջանը շարունակի ռազմաշունչ հայտարարությունների հռետորաբանությունը եւ փորձի հարցը ռազմական լուծման տանել, ինչը մինչեւ հիմա էլ արել է, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂ-ն` բազմապիսի օժանդակություն ցույց տալով նրան: Հայաստանի նախագահը բոլորին հայտարարեց Հայաստանի այն քայլերի մասին փաստորեն, եթե Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ ագրեսիա սկսի: Բոլոր նման հանդիպումներից առաջ Ալիեւը ռազմաշունչ ելույթներ է ունենում, փորձելով ճնշել միջազգային հանրության վրա, բացառություն չէ նաեւ այս մեկը: Նրա գործելակերպը նույնությամբ կրկնվել է Աստանայից առաջ, եւ Աստանայից հետո հարկ է սպասել Ալիեւի դիվերսիոն գործողությունների հրահրմանը: Մենք նրա ձեռագիրը գիտենք. կամ Աստանայից հետո նա վերջնականապես հասկացավ, որ չի կարող այլեւս ԼՂ խնդիրը լուծել տարածքային ամբողջականության սկզբունքով միայն եւ պետք է համակերպվի իրողության հետ եւ քայլեր անի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթների տիրույթում կառուցողական մոտեցում ցուցաբերելով, կամ` մենք մեկ քայլ ավելի կմոտենանք պատերազմին:

- Եթե մի քանի բառով գնահատեք Աստանան...
- Կային բավականին հոռետեսական սպասումներ, նույնիսկ գտնում էին, որ նախագահի Լիսաբոն չգնալու արդյունքը Աստանայում կտեսնենք, դա սխալ էր... Կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալու հաշվարկները ճիշտ էին, եւ դրանք տեսանք Աստանայում, բայց լավ իմաստով. պետք է դրական գնահատել Աստանայի գագաթաժողովը, քանի որ մեզ համար շատ կարեւոր երեք սկզբունքները միջազգային հանրության կողմից արձանագրվեցին որպես ԼՂ հարցի լուծման միակ բանաձեւը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: