Friday, December 3, 2010

Մարի Յովանովիչ. Հայ-ամերիկյան հարաբերություներն ամուր են եւ կդիմանան Wikileaks-ի հրապարակումների փորձությանը

News.am. 2-12-2010- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այսօր` դեկտեմբերի 2-ին համոզմունք է հայտնել, որ չնայած Wikileaks ինտերնետային կայքի աղմկահարույց բացահայտումներին, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել:
«Կարծում եմ, մեր գործընկեր պետությունների հետ մեր հարաբերություններն ու կապերը բավականաչափ ամուր են այս փորձությանը դիմանալու համար: Այդ հարաբերությունները կարող են շարունակվել ու առավել ամրապնդվել, եւ խորապես համոզված եմ, որ ասվածն իրավացի է նաեւ Հայաստանի պարագայում, երկիր, որի հետ մենք ունենք շատ ամուր եւ սերտ հարաբերություններ», - Արարատի Խաչփառ գյուղում ԱՄՆ-ի պետքարտուղարության օժանդակությամբ վերանորոգված մանկապարտեզի բացման արարողության ժամանակ հայտարարել է Յովանովիչը` պատասխանելով լրագրողների հարցին:
«Միացյալ Նահանգները դատապարտում է տեղեկատվության ապօրինի հրապարակման ցանկացած փաստ: Դա սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, ինչպես նաեւ վնասում է ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների, գործընկերների եւ բարեկամների հետ աշխատելու ընթացքում մեր գործադրած ջանքերը», - նշել է Յովանովիչը:
«Մենք արտաքին քաղաքականության բավականաչափ հագեցած օրակարգ ունենք եւ բազմակողմանի աշխատանքներ ենք իրականացնում քաղաքական, տնտեսական, անվտանգության հարթություններում: Իսկ երբ սպառնալիքներ են առաջանում ազգային անվտանգությանն առնչվող մեր շահերի համար, դա նշանակում է, որ վտանգվում են նաեւ մեր գործընկերների շահերը, սակայն հույս ունեմ, որ փորձությանը կդիմանանք», - ամփոփել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: