Thursday, January 27, 2011

ԼՂ խնդրի լուծման ճանապարհը կամ հանրաքվեի անցկացումն է, կամ էլ 1991-ի հանրաքվեի արդյունքների ճանաչումը

ԼՂ հակամարտության կարգավորման առումով շատ կարևոր են կողմերի ռազմական գործողությունների չվերսկսման պարտավորությունները: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորշման մասին հարցին:
Նա նշել է, որ վերջին 1.5-2 տարիների ընթացքում պատարեզմի, ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները դարձել են սովորական գործ, և դա շատ վատ է, քանի որ երբ ղեկավարը, և ընդհանրեպս մարդը խոսում է ինչ-որ խնդրի մասին շատ երկար ու համոզված, մի պահ նա համոզվում է իր խոսքերի ճշմարտացի լինելու մեջ:
«Եվ եթե կան այլ հնարավորություններ, առաջանում է գայթակղություն: Բայց ես համոզված եմ, որ հնարավոր է խուսափել պատերազմից: Ես վստահ եմ, որ հակամարտության կարգավորման միակ միջոցը խաղաղ ուղին է, իսկ միակ ճանապարհը` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցակցումը, կամ էլ 1991-ին Խորհրդային Միության օրենսդրությանը համաձայն անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչումը: Հարցը կարող է կարգավորվել միայն փոխզիջումային ճանապարհով»,-ասել է ՀՀ նախագահը:

Ս. Սարգսյանը նշել է, որ ինքը ոչ մի նոր բան չի ասում, քանի որ 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները առաջարկել են փաստաթուղթ, որը կոչվում է Մադրիդյան սկզբունքներ: «Այնտեղ երեք սկզբունքներ են` առաջինը տարածքային ամբողջականության սկզբունքն է, երկրորդը` ժողովրդի ինքնորոշման, երրորդ սկզբունքը ուժի ու դրա սպառնալիքի չկիրառումն է: Հասկանալի է, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականություն, ինչ է նշանակում ինքնորոշում, և երրորդ սկզբունքը ևս հասկանալի է»,-ընդգծել է Ս. Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ 2007-ին կողմերը երկար մտածելուց հետո այդ սկզբունքներին համաձայնություն են տվել, սակայն հետո Ադրբեջանը սկսել է սեփական մեկնաբանությունը տալ այդ սկզբունքներին: «Եվ երբ խոսքը վերաբերում է ինքնորոշման սկզբունքին, նրանք ասում են, այո, բայց Ադրբեջանի կազմում: Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է համարել միայն հատվածական ինքնորոշում, եթե կարելի է այդպես ասել: Եվ երկրորդ, իբր թե, ուժի չկիրառումը գործում է այն դեպքում, երբ պետությունը չունի գրավյալ տարածքներ»,-Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահը:

Նա ընդգծել է, որ այս պահին ԼՂ վերահսկողության ներքո գտնվող տարածքները ռազմական գործողությունների արդյունք են, որը ղարաբաղցիները չեն սկսել: «Ոչ ոք չի ժխտում, որ կան տարածքներ, որոն եղել են Ադրբեջանի կազմում, իսկ այս պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության ներքո»,-ասել է երկրի ղեկավարը:

Պատասխանելով զիջումների մասին հարցին, Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ եթե հարցնեն ղարաբաղցիներին ու ընդհանրապես Հայաստանի բնակչությանը, ապա ոչ ոք, իհարկե, չի ցանկանա ոչ մի սանտիմետր հող վերադարձնել: «Բայց մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած լուծում կբերի երկարատև խաղաղության: Դրա համար այդ փոխզիջումները անհրաժեշտ են: Բայց իհարկե, պետք են երաշխիքներ, որ երկարատև խաղաղություն կհաստատվի: Եվ այնպես չէ, ինչպես ադրբեջանցիներն են ասում, թող Ղարաբաղը վերադարձնի այն ամենը, ինչ եղել է, հետո նոր կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: Այդպես չի լինի»,-հայկական կողմի դիրորոշումը ներկայացրել է երկրի ղեկավարը:

No comments: