Wednesday, January 26, 2011

ԱՄՆ-ն չի ցանկանում Լիբանանի ղեկին տեսնել «Հըզբոլլահին»

Tert.am. 26-1-2011- ԱՄՆ–ն նախազգուշացնում է Լիբանանին, որ երկու երկրների միջև հարաբերությունները կվատթարանան, եթե Լիբանանի նոր կառավարության մեծամասնությունը կազմեն «Հըզբոլլահ» կուսակցության ներկայացուցիչները։ Լիբանանում չեն դադարում նման զարգացումների դեմ բողոքի ակցիաները։
Վաշինգտոնում, որտեղ «Հըզբոլլահը» համարվում է ահաբեկչական կազմակերպություն, նշում են Լիբանանին հատկացվող ռազմական օգնության դադարեցման մասին, հակառակ դեպքում ծայրահեղականների կողմից ամերիկյան զինամթերքը Իսրայելի դեմ կիրառելու վտանգ կառաջանա։
Բացի այդ, Սպիտակ տանը մտահոգված են, որ «Հըզբոլլահը» միջոցներ կձեռնարկի, որպեսզի Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը կարճվի։
«Լիբանանի կառավարության անցումը «Հըզբոլլահի» վերահսկողության ներքո զգալիորեն կազդի Լիբանանի հետ երկկողմ հարաբերությունների վրա։ Մեր սկզբունքները մնում են անփոփոխ. նախ պետք է հաղթի արդարադատությունը, իսկ հանցագործները չպետք է մնան անպատիժ։ Մենք հավատում ենք Լիբանանի անկախությանը և օտարերկրյա միջամտության ավարտին»,- ամերիկացիների մտահոգությունը փոխանցում է euronews–ը։
Նոր կառավարության ձևավորմամբ զբաղվում է սունի անկախ քաղաքական գործիչ Նաջիբ Միկատին։ Լիբանանյան և արտասահմանյան բազմաթիվ վերլուծաբաններ նրան համարում են «Հըզբոլլահի» դրածո։

No comments: