Thursday, January 27, 2011

Այն, որ Ադրբեջանը չի կարողանում իրականացնել իր նկրտումները, խոսում է մեր բանակի մարտունակության մասին. գնդապետ

Tert.am. 26-1-2011- ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօրվա խաղաղությունը պահպանվում է հայոց բանակի շնորհիվ։
«Եթե այսօր խաղաղությունը պահպանվում է, եթե այսօր Ադրբեջանը չի կարողանում որոշակի իր նկրտումներն իրականացնել, դա խոսում է այն մասին, որ մեր բանակը, մեր զինվորը մարտունակ է»,– հայտարարեց գնդապետը։
Միաժամանակ նա նշեց, որ մեր զորքի մարտունակությունն ու բարոյակամային որակները անընդհատ կատարելագործվում են։ «Մենք միշտ ասել ենք և կրկնում ենք՝ բացի զենքից մենք ոգեղեն ենք, բացի զենքից մենք մշտապես ապացուցել ենք, որ պատրաստ ենք ցանկացած հակահարվածի»,– նշեց Մինասյանը։
Բանակում առկա խնդիրների մասին հարցին ի պատասխան ասուլիսին մասնակցող «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանն ասաց. «Ես գտնում եմ, որ ճիշտ է այն փիլիսոփայությունը, որ ասում են՝ պետք է համեմատես, որ իմանաս։ Անհամեմատելի է մեր այսօրվա ունեցածը 10 տարի առաջ ունեցածի հետ»։
ՀԿ նախագահը չժխտեց, որ հայոց բանակում կան խնդիրներ՝ միաժամանակ նշելով, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կատարվում են։

No comments: