Wednesday, January 26, 2011

Թուրքիայի կառավարությունը Դինքի գործի առնչությամբ այլևս անելու բան չունի՞

Tert.am. 26-1-2011- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության բացահայտման համար Թուրքիայի կառավարությունն արել է այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր։ Այս մասին թուրքական Bugün («Բուգյուն») պարբերականի հոդվածագիր Ադեմ Յավուզ Արսլանի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ չնայած հարձակումն իրականացնողը ձերբակալվել է, սակայն մինչև հիմա պարզ չէ, թե ով է ուղղորդել նրան։
Ի պատասխան Արսլանի այն դիտարկմանը, թե «Կառավարության հասցեին քննադատություններ են հնչում Դինքի սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում անհրաժեշտ ջանքեր չգործադրելու համար», Թուրքիայի վարչապետը հայտարարել է.
«Մենք 36 ժամվա ընթացքում ձերբակալեցինք հարձակումն իրականացնողին և նրա շուրջ համախմբվածներին ու հանձնեցիքն արդարադատությանը։ Սակայն 4 տարի է՝ շարունակվում են դատական նիստերը։ Վերջերս էլ որոշում կայացվեց, ուր հարձակումն իրականացնողին պետք է դատեն որպես անչափահասի։ Մեզանից ինչ պահանջվում էր, արել ենք։ Հիմա էլ հերթը դատական համակարգինն է»։
Նշենք, որ Ադեմ Յավուզ Արսլանն անցած շաբաթ Թուրքիայում լույս տեսած «Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գրքի հեղինակն է։ Գրքում կարևոր մանրամասներ են ներկայացվում Դինքի սպանության վերաբերյալ:
Ի դեպ, Թուրքիայի վարչապետի հետ հարցազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ինքնաթիռում՝ Ուկրաինա մեկնելիս, Ադեմ Յավուզ Արսլանը Էրդողանին նվիրել է Դինքի սպանության մասին իր հեղինակած գիրքը։

No comments: