Monday, February 28, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

«Լրագիր» 28-2-2011- Ինչպես է ՀՀ ղեկավարարությունը պատկերացնում տնտեսության զարգացումը: Ներկա պայմաններում այն հազիվ է հասցնում փակել ճեղքերը, սակայն ակնհայտ է, որ զարգացման որոշակի վեկտոր ամեն դեպքում պետք է լինի, և, ամենայն հավանականությամբ, իշխանությունում այդ հարցի վերաբերյալ չկա համաձայնություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, պնդում է, որ Հայաստանը շարժվի ինտելեկտուալ տնտեսության ճանապարհով: “ԱՄՆ-ն արտադրող պետություն չէ, նրանք տեղափոխել են իրենց արտադրությունը Չինաստան, քանի որ այնտեղ այդ գործընթացը կարելի է ավելի էժան կազմակերպել”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն ծառայություններ արտադրող պետություն է, հատկապես նորարարությունների ոլորտում: “Այդ երկրի տնտեսությունը հենվում է գիտելիքների վրա, ինչի շնորհիվ համարվում է ամենադինամիկ զարգացողներին մեկը”, նշել է վարչապետը: “Գտնում եմ, որ երկարաժամկետ հեռանկարի առումով Հայաստանը պետք է ներդնի այդ փորձը, քանի որ մենք, միևնույն է, չենք կարող մրցակցել Չինաստանի կամ Հնդկաստանի հետ”, ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա հայտարարել է, որ “արդեն իրավունք չունեն աշխատել հին մեթոդներով, հին մեթոդները հանգեցնում են հին լուծումների, իսկ ամբողջ աշխարհը նոր լուծումներ է փնտրում”: Թե ինչ նոր մեթոդների մասին է խոսք գնում, վարչապետը չի հստակեցրել:

Տարեսկզբին վարչապետն ասում էր, որ այս տարի հարկ է լինելու արմատական բարեփոխումների գնալ: Երևում է, ժամանակն է կարևոր քաղաքական քայլեր ձեռնարկել: Սակայն, ակնհայտ է, որ “ամերիկյան մոդելի” նոր հնարքները նրա կոլեգաների սրտով չեն, որոնք Հայաստանում ներկայացնում են բիզնեսի ռուսական “հնարքները”: Նրանց սրտով չէ նաև չափից դուրս բաց համագործակցությունը Վրաստանի հետ, վարչապետի խոստովանությունը, որ հայկական և վրացական տնտեսությունները պետք է ինտեգրված լինեն միմյանց:

Թե ինչ է ցանկանում Տիգրան Սարգսյանը, պարզ է, չնայած այդ ամենը մնում է բարի ցանկությունների մակարդակում: Ւսկ ինչ ճանապարհով են ցանկանում տանել Հայաստանը նրա մրցակիցները: Եթե Հայաստանում վարչապետի պորտֆելը տրվի մի մարդու, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, մենք պետք է հրաժեշտ տանք նույնիսկ զարգացման բարի ցանկություններին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: