Tuesday, March 1, 2011

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 3-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը 2011-ի մարտի 1-ի դրությամբ: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է 2817: Անանդին 2815 գործակցով հաջորդում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: 3-րդ տեղը զբաղեցնում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, ում գործակիցը նույնպես հատում է 2800-ի սահմանը:
Հայ գրոսմայստերի գործակիցն է 2808: Լավագույն եռյակում ընդգրված այս 3 շախմատիստներն են միայն, ովքեր ունեն 2800-ից ավելի վարկանիշ: Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2785, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 2779. ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ 2776, բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2775, ամերկացի Հիկարու Նակամուրան՝ 2774, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը՝ 2772 և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2747:
Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 2716 գործակցով 29-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանն ունի 2676 գործակից, ինչը նրան հնարավորություն է տվել զբաղեցնելու 65-րդ հորիզոնականը, իսկ Գաբրիելին 2 հորիզոնականով զիջում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ում գործակիցն է 2675:

No comments: