Tuesday, March 1, 2011

ԱԼԻԵՎԸ ՍՈՉԻԻՑ ՉԻ՞ ՓԱԽՉԻ

«ԱԶԳ», 01-03-2011- Այս շաբաթավերջին` մարտի 5-ին, դեռեւս Բաքվում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի տեղեկացմամբ, Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանության մեջ:
Այս հանդիպմանը նախորդած սանկտպետերբուրգյան երկկողմ հանդիպումը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, գազի գինն այս տարի բարձրացվելու հեռանկարից ազատելուց բացի, անվերապահորեն վերաբերում էր նաեւ ղարաբաղյան խնդրին, թեեւ այդ մասին որեւէ տեղեկություն չի փոխանցվել, բացի ընդհանրական ձեւակերպումներից:
Այդուհանդերձ, տարբեր գնահատականների համաձայն, Սոչիում կայանալիք հանդիպումը նախ եւ առաջ փորձ կլինի նվազեցնելու ղարաբաղյան հակամարտության գոտում սրվող լարվածությունը: Իսկ որ տարածաշրջանում Ադրբեջանի հիստերիայի ու ռազմատենչ հայտարարությունների, նաեւ շփման գծում հաճախակիացած միջադեպերի ֆոնին այդ լարվածությունը կարող է պայթյունի վերածվել, չի կարող չմտահոգել ու քննարկման առարկա չդառնալ:
Մյուս կողմից, Ադրբեջանի դրսեւորած վարքագիծը արդեն բանակցությունների սեղանի շուրջը որեւէ կերպ չի կարող, անգամ ամենալավատես միջնորդներին, հիմք դառնալ կարծելու, թե Սոչիի հանդիպումը կարող է որեւէ կերպ տարբերվել նախորդներից: Թերեւս միակ տարբերությունը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը չի փախչի այնպես, ինչպես վերջին մի քանի նախապատրաստությունների պարագայում:

No comments: