Saturday, March 19, 2011

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆԴԻ՞ԶՄ

«Լրագիր» 19-3-2011- Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել: Անժամկետ: Այսինքն՝ որքան որ կարողանա դիմանալ: Հացադուլը հայտարարված է ոչ ավանդական-հայկական ոճով: Չկան ողբ ու անեծք, չկան անվանարկում եւ պիտակավորում, սպառնալիք ու շանտաժ, վերջնագիր ու պարտադրանք: Չկան նույնիսկ կոնկրետ պահանջն ու պայմանը՝ հացադուլը հայտարարվում է ընդդեմ այսինչ բանի եւ կդադարեցվի այսինչ պայմանի բավարարման դեպքում: Եթե լավ մտածենք, այս անհասկանալի, ոչ ավանդական հացադուլը հուսահատ բողոքի ճիչ է ընդդեմ մեզ բոլորիս: Ընդդեմ մեր բոլորիս ձեւավորած ու հանդուրժած՝ փտած ու նեխած այն համակարգի, որի անունն է այսօրվա հայ հասարակական-քաղաքական իրականություն:
Երեւի թե ճիշտ կլինի, որ «հետ վերցնենք» երեւույթը «հուսահատ» բառով բնութագրելու փորձը: Ավելի ճիշտ կլինի նշել, որ բողոքի այս ձեւը՝ առանց պահանջացուցակի եւ անձնավորումների, լրիվ մի նոր, մինչ օրս մեր իրականության համար անծանոթ եւ նույնիսկ խորթ մի ձեւ ու ոճ է: Որը չի տեղավորվում հասարակական ու քաղաքական գործընթացների հանդեպ պրիմիտիվ մտածելակերպի դրսեւորմանը սովոր մեր գործիչ կոչվածների եւ հանրության մոտ: Իսկ երբ զուտ պրիմիտիվ մտածելակերպի սովոր եւ ընդունակ անձը հանդիպում է այդ պրիմիտիվության շրջանակների մեջ չտեղավորվող մի երեւույթի հետ, նա, որպես կանոն, շփոթվում է (մաքուր հայերենով ասած՝ «մանթռաժ է ընկնում»): Իսկ այդ շփոթության բնական ռեակցիան էլ, որպես կանոն, դրսեւորվում է ցինիզմի կամ հայհոյախոսության տեսքով: Որպեսզի հնարավորինս նսեմացվի իրենց կարողությունների շրջանակներից դուրս կատարվող այդ երեւույթը:

Այդպես էլ եղավ տվյալ դեպքում: Անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն ընտրեց բողոքի մի ձեւ, որը մեզանում լրիվ նոր քաղաքական ընդդիմադրության մշակույթ է պարունակում: Դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա քայլի մեջ կան ուղղակի աղերսներ գանդիզմի հետ: Որը Հնդկաստանի պարագայում ավելի հզոր եւ արդյունավետ եղավ, քան նույնիսկ զինված ապստամբությունը: Կկարողանա՞ արդյոք հետագայում զարգացնել իր այս սկզբնաքայլը Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ մեր ավանդական քաղաքական մշակույթի կրողների արձագանքն էլ լրիվ ավանդական էր: Իշխանության ներկայացուցիչները, որոնք բացի նրանից, որ չափից ավել կուշտ տեսք ունեն, ուրիշ ոչ մի բանով աչքի չեն ընկնում, մի շարք անհաջող եւ բացահայտորեն տափակ (ավելիին, բնականաբար, ընդունակ էլ չեն) իրենց «արեւին» նսեմացնող «մեկնաբանություններ» հնչեցրեցին հացադուլավորի հասցեին: Իսկ ՀԱԿ-ն էլ խոսեց նախապայմաններով. «...լավ է, եթե չդառնա Գեղամյան կամ Արթուրիկ»: Զի չկա Երկնի տակ եւ Երկրի վրա Հայոց այլ ընդդիմություն, բացի ՀԱԿ-ից (իմա՝ ՀՀՇ-ից), եւ չկա այլ հացադուլավոր, բացի երանելի Խաչիկ Ստամբոլցյանից:

Հարգելիներս, «Արթուրիկությունը» դա ոչ թե անձ ու մարդ է, այլ կերպ ու որակ է, երեւույթ ու դրսեւորում, որոնց ակունքները պետք չէ փնտրել շատ հեռուներում: Վերադարձեք ընդամենը 90-կանների Բաղրամյան-26, կամ էլ 2007-ի վերջեր, 2008-ի սկիզբ: Այդ ժամանակ, քանի դեռ այդ անձնավորությունը Ձեր կողքին էր, Արթուր Բաղդասարյան էր, իսկ հանկարծ հետո դարձավ ԱԽՔ ու Արթուրիկ: Հավատացեք, մեզ համար նա այդպիսին է եղել միշտ՝ թե պալատական կենսագիր, թե մահափորձի ենթակա հերոս վիճակներում: Իսկ գուցե огласите весь список, թե ձերոնցից քանիսը հաջորդ կառավարիչների մոտ մնացին կամ նրանց մոտ դարձան «հաճախորդ»:

Իրոք, ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, առաջին արտգործնախարարի նախաձեռնած այս քայլը չի կարող իր արդյունքները չտալ: Այս քայլով մեզ բոլորիս նախ ասվեց, որ բողոքի «ավանդական» եղանակները՝ ընդհուպ մինչեւ ինքնազոհաբերումը, ներկայիս իշխանության պարագայում կարող են եւ անարդյունք լինել: Պետք է հստակ հասկանալ ու պատկերացնել, որ բացի «սերժականներից» ու «լեւոնականներից», հասարակությունը կարող է ունենալ եւ այլ անդամներ: Որ հասարակությունը պատկանելության այդ չափանիշներով կացինով երկու մասի բաժանելը քաղաքական բռնության դրսեւորման ձեւերից է, որով քաղաքացին զրկվում է ինքնուրույն մտածելակերպից ու դրսեւորումից եւ ընկնում քաղաքական գերության մեջ կամ իշխանությունից, կամ իրեն միակ ընդդիմություն հայտարարողից: Ինչը, տվյալ դեպքում, շարքային ընտրողի համար բացարձակապես նույնն է: Քանզի, փոխանակ քաղաքական ուժն ինքն իրեն առաջարկի հասարակությանը եւ ստանա նրա ինչ որ մասի աջակցությունը, մեզանում ստացվել է այնպես, որ այդ ուժն ինքն է կատարում հասարակության զինվորագրում եւ հետն էլ ստուգում նրա հավատարիմ կամ ոչ այդպիսին լինելը:

Իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ հուշում է, որ երբ մեկը հայտարարում է, թե ինքը պաշտում է ադրբեջանական երաժշտությունը եւ իր սրտի մեջ միշտ արթուն են մուղամները, ապա անիմաստ է եւ ապարդյուն` ելնել այդ մարդուն անվանարկել ու դավաճան հայտարարել, կուրծք ծեծել, գոռգոռալ ազգի, հայրենասիրության ու Հայրենիքի մասին: Եթե այդ մարդու ասածն ու արածն իրոք անընդունելի են, ապա ընդամենը պետք է չլսել այդ մարդու երգերը եւ թողնել իրեն մեն մենակ իր հոգու մուղամների հետ: Իսկ ամենից առաջ՝ մի հատ լավ պարզել ու գնահատել քո լսածի ու նայածի որակն ու մակարդակը: Կարող է նա ավելի ցածրորակ է, քան ադրբեջանական մուղամը: Եւ, ի վերջո, հրեաները, հավանաբար, նույնիսկ ամենաթեժ տարիներին էլ երեւի թե լսել են չէ Բեթհովեն կամ Շուբերտ:

Պետք է հասկանանք, որ ամենեւին էլ կարիք չկա հրահանգել, որ դահլիճ չտրամադրեն Երեւանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել ցանկացողին: Պետք է տրամադրել հազար հատ դահլիճ: Բայց եթե դու այն ազգն ես, որ իրոք ունես սեփական մարդկային եւ ազգային արժանապատվություն, ապա այդ կազմակերպիչը թող բերի, դնի, մեն-մենակ դատարկ դահլիճում նստի, նայի իր բերածը եւ թողնի գնա: Հասկանալով, որ երկրորդ անգամ այս եղանակով հերթական դրամաշնորհային ծրագիրն այլեւս չի կարողանա «հաջողացնել»: Թե չէ դահլիճ չտրամադրելով միայն աջակցում ես նման անձանց, պարզ ասենք, անմաքուր գործունեությանը, դարձնում այն իրոք արդիական ու «լեգիտիմ»:

Մեր այսօրվա քաղաքական բեմահարթակի գործող դերակատարներին ժողովուրդը ճանաչում է շատ լավ եւ մեկառմեկ: Այդ բեմահարթակը մի կոշտ եռանկյունի է, որի գագաթներում տեղավորվել են անկախ Հայաստանի երեք նախագահները եւ որոնց զգոն տեսադաշտից չի կարող վրիպել եւ ոչ մի քաղաքական շարժ: Քաղաքական դաշտը մենաշնորհային է ու սեփականաշնորհված, ու երաշխավորված հսկվում է իշխանության եւ ընդդիմության «անխախտ միությամբ»: Քաղաքական զարգացումներն այդ ասպարեզում սահմանափակվում են, հիմնականում, պարբերաբար հնչող «տեղեկատվությամբ», թե իշխանությանը հերթական անգամ ում է հաջողվել «փչացնել», այն է` դարձնել «հաճախորդ»:

Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլով վերջ կտրվի նաեւ այդ ավանդական-հայկական քաղաքական մշակույթին եւ սկիզբը կդրվի իրոք այլ քաղաքական մշակույթ ունեցող գործելաձեւի:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: