Wednesday, March 30, 2011

«Էրգենեքոնը» հասնում է մինչև Լեռնային Ղարաբաղ. թուրք հատուկջոկատային

Tert.am. 29-3-2011- Ազատ է արձակվել օրեր առաջ Ստամբուլում ձերբակալված թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակից Այհան Չարքընը։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները, որոնք շարունակում են անդրադառնալ Չարքընի՝ նախքան ձերբակալությունը թուրքական «Թարաֆ» (Taraf) օրաթերթին տված հարցազրույցին, որի ժամանակ նախկին հատուկ ջոկատայինը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։
Թուրքական ԶԼՄ–ների տեղեկացմամբ՝ հարցազրույցի ընթացքում Այհան Չարքընը հայտարարել է, որ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը հասնում է մինչև Լեռնային Ղարաբաղ։
««Էրգենեքոն»–ը հասնում է մինչև Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ «Էրգենեքոն» կա»,– ասել է Չարքընը։
Ավելի վաղ նախկին հատուկջոկատայինը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունի Վելի Քյուչյուքը (թուրք պաշտոնաթող գեներալ, կալանավորվել է «Էրգենեքոնի» գործով)»։
Նշենք, որ «Էրգենեքոնի»՝ Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելու փորձերի մասին պատմող տեղեկություններ թուրքական մամուլում սկսեցին շրջանառվել դեռևս 2010թ.։ Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված «Էրգենեքոն–2-ի» մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նույն գործով անցնող Էրհան Քեսքինի խոստովանություններն այն մասին, որ «Էրգենեքոն»-ը ժամանակին գործակալներ է ուղարկել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան:
Էրհան Քեսքինը, ով ձերբակալվել էր 2009թ. հիվանդանոցում բուժում անցնող թուրք պաշտոնաթող գեներալ, նույնպես «Էրգենեքոնի» գործով ձերբակալված Լևենթ Էրսյոզի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով, հայտարարել է, որ ժամանակին ինքը և մի քանի այլ անձինք գործուղվել են Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան` ինֆորմացիա հավաքելու համար:
«Ենթասպա Սեդաթ Դինչերի հետ գնացել եմ Դիարբեքիր, որտեղ նա ինձ ծանոթացրել է Ջիմշիթ Աքսուի և նրա եղբոր՝ Ռըդվանի հետ: Դինչերին ուղղորդում էր Քյոքսել Քարաբայ անունով մի գեներալ: Դիարբեքիրում մի տան մեջ Անուշ անունով մի անձնավորության կողմից հայերենի դասեր ստանալուց հետո հատուկ հրահանգով ինֆորմացիա հավաքելու նպատակով մեզ գործուղեցին Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Քեսքինը` չմանրամասնելով, սակայն, թե ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը:

No comments: