Wednesday, March 2, 2011

Կույր պետք է լինել` չտեսնելու ժողովրդի եռացող ցասումը. Զարուհի Փոստանջյան

«Երեք տարի անցավ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունից: Չպատժվեց և ոչ մի մարդասպան կամ կրակելու հրաման տվող»,– ասվում է Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ, որը երեկ պետք է հնչեցվեր խորհրդարանական հայտարարությունների ժամին։ Պատգամավորի նշում է, որ տասը զոհերի սպանությունների հանգամանքները դե-յուրե մնում են չբացահայտված, դե-ֆակտո` ամենքին ամեն ինչ պարզ է, «հետևաբար` բոլոր մեղավորների պատիժն ու դատաստանը վաղ թե ուշ անխուսափելի է, որովհետև ժողովրդի դեմ գործած հանցագործությունները ներում չունեն ճիշտ այնպես, ինչպես չունեն վաղեմության ժամկետ»: Փոստանջյանի հայտարարության մեջ ասվում է.
«Երբ «Ժառանգությունը» Գյումրիում մարտնչող քաղաքացիների հետ հաղթանակեց մի քանի տասնյակ մարդատար մեքենայի Երևան գալու մտքից սարսափած և հարյուրավոր ոստիկաններից պատնեշ կազմած իշխանության դիմադրությունը, հավանաբար դա այնքան ազդեց նրանց վրա, որ դեռ ուշքի չեկած վիքիլիքսյան կավատային կամ այլ հրապարակումներից, իսկույն որոշեցին գործել իրենց հոգեհարազատ և իրենց իսկ սպասվող քրեական դաշտում: Ձերբակալելով եղբորս ու նրան պահելով որպես պատանդ` իշխանությունը ոչնչի չի հասնելու, ընդհակառակը` ավելի լայն բացեց հեղափոխության դուռը: Իր գործած բազում ապօրինությունների թվին խղճուկները ավելացրին ևս մեկ քստմնելին` ձեռք բարձրացրին ընտանիքի չեզոք անդամի վրա, ինչը հարիր է քոչվոր և ավարառու ցեղերի ներկայացուցիչներին:
Երկրորդ սերնդի բարեփոխումների, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, նանոտեխնոլոգիաների և տեխնոպարկերի մասին երազող կառավարությունն ամեն ինչ արեց և դեռ անում է, որ ժողովրդի սոցիալական վիճակը կտրուկ վատանա: Արդար ընտրություններից, ազատությունից և իրավունքներից խոսող կոալիցիան տարիներ շարունակ բռնակեղծում է ժողովրդի ընտրությունը, խեղդում ազատությունը և ոտնատակ տալիս իրավունքները:
Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Սերժ Սարգսյանն իր գործունեության շուրջ երեք տարիների ընթացքում ոտնահարեց նաև 10 մլն հայության արժանապատվությունը` ստորագրելով մադրիդյան, հայ-թուրքական և ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման վերաբերյալ փաստաթղթերը: Աթաթուրքի անունը կրող վայրում երջանկության պահեր ապրող և Արևմտյան Հայաստանի օդային տարածքից, ճանաչելով այն որպես թուրքական, Գյուլին ողջույններ հղող Սերժ Սարգսյանին հայտնում ենք, որ Աղդամը մեր հայրենիքն է, իսկ Արևմտյան Հայաստանը սակարկման ենթակա չէ:
Պալատական հեղաշրջման և հանցագործ իշխանափոխանցման ժամանակներն անցել են, մոտեցել է հեղափոխության շրջանը, որը ժողովրդի մենաշնորհն է: Այս կոալիցիայի այս առաջնորդը նախկինում հաճախ էր կրկնում. «Կույր պետք է լինել` չտեսնելու…»: Իսկ այժմ ես կասեմ, որ իրոք` կույր պետք է լինել` չտեսնելու ժողովրդի եռացող ցասումը, խուլ պետք է լինել` չլսելու մոտեցող հեղափոխության համազանգը, հանցագործ պետք է լինել` կույր ու խուլ մնալու համար…»։

No comments: