Saturday, March 5, 2011

ԲԱՆԸ ՀԱՍՑՐԻՆ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ

«ԱԶԳ, 05-03-2011- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» Բաքվում «պաշտոնական կայքէջի շնորհանդես է» կազմակերպել: Իլհամ Ալիեւի աշխատակազմում քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովն էլ ասել է, թե փաստը, որ «կայքէջի նյութերը ներկայացվում են նաեւ հայերեն, վկայում է Ադրբեջանի հանդուրժողականության մասին»:
Փաստորեն ադրբեջանական կողմն ընտրել է քարոզչական «պատերազմը» նաեւ հայերենով ծավալելու մարտավարություն, որը, սակայն, իշխանության ներկայացուցիչը համարում է «հանդուրժողականություն»: Ստացվում է, որ հայերը պետք է «երախտապարտ լինեն», որ Ադրբեջանը հիմա էլ Արցախի պատմությունն ու ներկան խեղաթյուրում է հայերենով:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ «հայերենի» մասին է խոսքը, մի մեջբերում անենք. «Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հնագույն բնակավայրերից մեկը: Ղարաբաղի անունը, որը համարվում է Ադրբեջանի անբաժանելի մասը, բաղկացած է երկու մասիցՙ ադրբեջանական «Ղարա» (սեւ) եւ «բաղ» (այգի) բառերից: «Ղարա» եւ «բաղ» արտահայտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի ժողովուրդը, ունեն հնագույն պատմություն: Ամբողջ աշխարհում այդ արտահայտության վերագրումն Ադրբեջանի կոնկրետ տարածքին հանդիսանում է անժխտելի ճշմարտություն: «Ղարաբաղ» բառը, որով ադրբեջանական ժողովուրդը անվանել է իր հայրենի հողի մի մասը, հիշատակվում է սկզբնական աղբյուրներում 1300 տարի առաջ»:
Խոսք չկա, հենց որ Արցախում հայերը կարդան սույն «պատմագիտական հիմնավորումը», իսկույն «կհավատան, որ 1300 տարի առաջ», ինչպես Հրանտ Մաթեւոսյանը կասեր, «Ջահանդամդարասիից մի ոջլոտ չոբան եկել, տեսել է անմարդաբնակ այս տարածքը, սքանչացել նրա գեղեցկությամբ եւ կնքել «Ղարաբաղ»»:
Իլհամ Ալիեւի նախագահական «հնարամտությունն», այսպիսով, հերթական անգամ ի ցույց է դրվում: Նման մտավարժանքներն արժանի են միայն եւ միայն խղճահարության: Եվ եթե բանը հասցվում է հիմարության, ապա մենք իրավասու ենք նրան դիմել իր իսկ ժողովրդի հայտնի խոսքով. «Աշուղի ասելիքը որ սպառվում է, սկսում է նեյնիմ-նեյնիմ նվագել»:
Սա այդ դեպքն է: Ուրեմն` նա ասելիք այլեւս չունի: Իսկ ո՞ւմ է պետք պետության այն ղեկավարը, որի ասելիքն արդեն սպառված է: Բացի հիմարություններից:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: