Friday, April 15, 2011

Թուրքիան ռազմականացնում է ղարաբաղյան հարցը. փորձագետ

News.am. 15-4-2011- Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմականացնում է, եւ Ադրբեջանին հատկացվող ռազմատեխնիկական եւ ռազմական աջակցությամբ նպաստում, որ պաշտոնական Բաքուն իրեն վստահ զգա ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունների մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական լուծման ցանկություն ունեցող միակ պետությունը Ադրբեջանն է, սակայն այդ երկրի ինքնավստահությունը բխում է Թուրքիայի վարած քաղաքականությունից։
Հովսեփյանի խոսքով, Թուրքիան հսկայական չափով զենք է տրամադրում Ադրբեջանին, եւ զարգացնում է այդ երկրի ռազմաարդյունաբերական համալիրը։ «Երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունն ընթանում է բոլոր ուղղություններով՝ կադրերի պատրաստումից, մինչեւ զորավարժություններ։ Կան փաստեր, որ ադրբեջանական դիվերսանտները պատրաստվում են Թուրքական հատուկ ստորաբաժանումների զորամասերում»,- ասաց թուրքագետը։
Ըստ Հովսեփյանի՝ վերջերս Անկարայում Ադրբեջանի պաշտպանութան նախարար Սաֆար Աբիեւը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմի հնարավոր վերսկսման մասին հայտարարություն՝ փաստելով, որ Անկարայի ու Ադրբեջանի միջեւ միմյանց ռազմական օգնություն հատկացնելու փոխհամաձայնություն կա։
Թուրքագետն անդրադարձավ նաեւ Թուրքիայի միջազգային ատյաններում Ադրբեջանին բացահայտորեն աջակցելու փաստերին։
«Անկարան ամենաբարձր մակարդակով աջակցում է Բաքվի ահաբեկչական քաղաքականությանը։ Միջազգային հանրության անդամ երկրների կառավարությունները, կազմակերպությունների ղեկավարները դատապարտեցին եւ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանի հայկական մարդատար օդանավեր կործանելու մասին ահաբեկչական հայտարարությունների կապակցությամբ, իսկ Թուրքիան, արտգործնախարարի մակարդակով, փաստորեն պաշտպանեց Ադրբեջանի ահաբեկչական դիրքորոշումը, եւ սադրիչ համարեց Ստեփանակերտում օդանավակայանի կառուցումը»,- նշեց Հովսեփյանը՝ ընդգծելով, որ հայտարարությունը կատարում է մի երկրի արտգործնախարար, որի պետության քաղաքականությունը լի է սադրանքներով, իսկ պատմությունը հարուստ՝ ագրեսիաներով ու ցեղասպանություններով։

No comments: