Friday, April 15, 2011

Forbes Russia-ն հրապարակել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը. հայերը 4-ն են

Tert.am. 15-4-2011- Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական տարբերակը՝ Forbes Russia-ն, հրապարակել է ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է գրեթե 0.5 տրլն դոլար, ընդ որում՝ 432 մլրդ դոլարը բաժին է ընկնում առաջատար 100-ին։ Մեկ տարվա ընթացքում ռուսաստանցի միլարդատերերի քանակը 62-ից հասել է 101-ի։
Աղյուսակում առաջատարը Վլադիմիր Լիսինն է՝ 24 մլրդ դոլարով, նրան հետևում է Ալեքսեյ Մորդաշովը (18.5 մլրդ դոլար) և Միխայիլ Պրոխորովը (18 մլրդ դոլար)։ Մեկ տարվա ընթացքում ամենամեծ աճն արձանագրել է Ալիշեր Ուսմանովը՝ 10.5 մլրդ դոլարից իր կարողությունը հասցնելով 17.7 մլրդ դոլարի, որը Forbes Russia-ի վերլուծաբանները պայմանավորում են ինտերնետի և մետալուրգիայի ոլորտում նրա ունեցած բաժնետոմսերի գների աճով։
Ռուսաստանի ամենահարուստ հայերը նախկինի պես ապահովագրողներն են
Forbes Russia-ն Ռուսաստանում միևնույն՝ 1.5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր է ճանաչել ապահովագրական ոլորտը ներկայացնող միանգամից երեք բիզնեսմենի՝ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներին՝ «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերին (նախորդ տարվա կարողությունը՝ 950 մլն դոլար) և Դանիլ Խաչատուրովին՝ «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետիրոջը (նախորդ տարվա կարողությունը՝ 1.2 մլրդ դոլար)։
Նրանց հետևում է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.4 մլրդ դոլար ունեցվածքով (նախորդ տարվա կարողությունը՝ 750 մլն դոլար)։
Ուշագրավ է, որ Forbes Russia-ն Կարեն Կարապետյանի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ 1991թ. Կարապետյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ Հայաստանի Կալինինո քաղաքը վերանվանվել է Տաշիր, ինչպես նաև, որ նրա եղբայրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է։
Աղյուսակի 180-րդ հորիզոնականում է հանգրվանել մեկ այլ հայազգի գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար (նախորդ տարվա կարողության մասին տեղեկատվությունը բացակայում է)։

No comments: