Wednesday, May 11, 2011

Ղարաբաղն էլ է սփյուռք

«Լրագիր» 10-5-2011- Թուրքական Հյուրրիյեթը գրել էր, որ Կոստանդնուպոլսի հայերի մի մասը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ իրենց մեդալ է տվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրանք գտնում են, որ ապրում են ոչ թե սփյուռքում, այլ իրենց պատմական հայրենիքում:
Հայկական պետության վերաբերմունքը մարդկանց, որոնց Հայաստանում անվանում են թուրքահայեր, վկայությունն է հայկական հարցում պետության մասնակցության բացակայության: Հայաստանը նույնիսկ դիվանագիտական պահանջներ չի ներկայացնում այն հողերին, որոնք նախկինում կոչվում էին Արեւմտյան Հայաստան: Մենք արդեն համակերպվել ենք այն մտքին, որ այդ հողերում ապրողները ընդամենը սփյուռք են: Քանի որ ինքներս ենք մեզ սահմանափակել այն սահմաններով, որ գծել են ռուսներն ու թուրքերը Կարսի պայմանագրով:
Զարմանալի է, բայց Հայկական հարցը որպես աշխարհքաղաքական գործոն օգտագործում են բոլորը, բացի Հայաստանից: ԱՄՆ օգտագործում է այս գործոնն ամեն անգամ, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նման կերպ են վարվում նաեւ Եվրոպայի երկրները: Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի անձեռնմխելիությունն ընդունում են միայն Ռուսաստանն ու Հայաստանը: Պաշտոնական Երեւանը որեւէ արձագանք չտվեց Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի հանդիսավոր տոնակատարությանը Ռուսաստանի ու Թուրքիայի կատարմամբ:

Հայերը, որ ապրում են ներկայում թուրքական համարվող տարածքում, իրավունք ունեն վիրավորվել Հայաստան պետությունից: Եւ կարիք չկա մեկնել Թուրքիա, այն էլ մեդալներ բաժանելու համար: Մեդալ ինչի՞ համար եւ ումի՞ց: Մի կառավարությունի՞ց, որն այսքան տարի չի օգտագործել քաղաքական հզոր փաստարկը եւ չի բարձրացրել Թուրքիայում ապրող իր հայրենակիցների հարցը: Կառավարությունից, որը սեփական հայրենիքում ապրող հայերին սփյո՞ւռք է համարում: Այդպես վաղն էլ սփյուռք կդառնա Ղարաբաղը:

No comments: