Monday, June 13, 2011

Հայաստանի շահը ռուս-թուրքական առեւտրի զոհ

Քաղաքագետ Իգոր Մուրադյանի հոդվածները ռուս-հայկական եւ ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լայն արձագանք են ունեցել, եւ ոչ միշտ դրական: Իգոր Մուրադյանին խնդրեցինք առավել մանրամասն շարադրել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերության սերտացման հետեւանքները Հայաստանի համար:
- Արձագանքների մասին ես պատկերացում ունեմ և բացարձակ տարբեր գնահատականներ եմ տեսնում, սակայն, դեռևս, խնդրի լիակատար ընկալում գոյություն չունի: Կցանկանայի նշել, որ մոտակա 3 ամիսներին, հուսով եմ, կհրապարակվեն իմ 25 հոդվածները “Իրատես դե Ֆակտո” թերթում և “Լրագիր” կայքում Թուրքիայի` ԱՄՆ, Ռուսաստանի, Իրանի, առաջատար եվրոպական պետությունների, Թուրքիային սահմանակից տարածաշրջանային պետությունների հետ հարաբերությունների թեմայով: Սա վերջին 24 տարիներին Վաշինգտոնում, Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Բեյրութում, Թեհրանում, Սոֆիայում և այլ վայրերում անցկացրած իմ հետազոտությունների արդյունքն են: Ընդարձակ մոնիտորինգ է կատարվել ավելի քան 200 փորձագետների, քաղաքական գործիչների և տվյալ պետությունների առաջատար ֆունկցիոներների մասնակցությամբ, որոնք անմիջականորեն զբաղվում են տվյալ թեմաներով: Հուսով եմ, որ այս հրապարակումները հետաքրքրություն ու ինչ-որ քննարկումների կհանգեցնեն:

Պատասխանելով ձեր կոնկրետ հարցին` կարող եմ ասել հետևյալը:

20 տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է Արևմտյան հասարակայնության հետ քիչ թե շատ կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցել, որն այդպես էլ չի հանգեցրել առավել կարևոր հարցերի լուծմանը: ԱՄՆ-ն և առաջատար եվրոպական պետությունները փորձում են Ռուսաստանին որոշակի տարածության վրա պահել, այսինքն` նրա վրա անհրաժեշտ ճնշում գործադրել, ինտեգրել նրան իր խնդիրներում, սակայն` «հնազանդ» երկրի կարգավիճակով, որը կընդունի իր վզին փաթաթած լամ էլ անհասկանալի հիմքերի վրա առաջարկված խաղի կանոնները: Ռուսաստանի ներկայիս նախագահի թիմն արդեն բազմաթիվ դիրքեր է զիջել, սակայն այդպես էլ պատշաճ պատասխան չի ստացել: Չինաստանի հետ ռազմավարական դաշինքի հույսերը նույնպես չիրականացան, և հնարավոր է, որ Ռուսաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունները չեն զարգանա ենթադրվող ֆորմատով: Ի դեպ, դա անսպասելի չէր ամերիկացիների ու եվրոպացիների համար: Որքան էլ որ տարօրինակ է, սակայն ԱՄՆ-ն, հայտարարելով Ռուսաստանի հետ այս կամ այն ուղղության հարաբերությունների զարգացման մասին, չի շտապում պայմանավորվել ոչ հակահրթիռային կայանների, ոչ էլ տարածաշրջանների վերաբերյալ:

Նույնիսկ Եվրասիայի ներքին տարածաշրջաններում ԱՄՆ ակտիվության նկատելի անկման ներկայիս շրջանում ամերիկացիները ցույց են տալիս, որ իրենց նպատակներն ու շահերը անփոփոխ են: Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած պետությունները, որոնք հսկայական զանգված են կազմում, իրենց մշտական թշնամությունն են ցույց տալիս Ռուսաստանի նկտամամբ: Այստեղ երկարատև խաղ է ընթանում Ռուսաստանի և Գերմանիայի, և ընդհանրապես Արևմտյան Եվրոպայի միջև արգելապատնեշ կառուցելու համար: Ռուսաստանի ղեկավարությունը մինչև վերջ վատթարացրել է Իրանի հետ հարաբերությունները` դրա դիմաց ոչինչ չստանալով: Ռուսաստանը դեռևս չի կարողացել ազգային անվտանգության հետ կապված շատ սկզբունքային հարցրեր լուծել:

Պետք է ասել, որ այս փաստը հմուտ ձեռքերում կարող է բավական կշիռ ունեցող և հիմնավորված դառնալ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ոլորտում: Դ. Մեդվեդևը և “ճամբար թողողների” եւ “պարազիտների” նրա թիմը այդպես էլ չկարողացան անվտանգության առավել առաջնային խնդիրներին լուծում տալ: Այդ պատճառով, անկախ Ռուսաստանի նախագահի քաղաքական նախընտրանքից, Մոսկվան փորձում է Թուրքիայի աջակցությունը ստանալ, որի խնդիրները շատ առումներով նման են ռուսական խնդիրներին, այդ թվում անվտանգության ոլորտում, Արևմուտքի և տարածաշրջանի հետ հարաբերություններում: Այժմ դժվար է գտնել Եվրասիայի 2 խոշոր տերությունների, որոնց շահերն այսքան համընկնում են և որքանով է հնարավոր հասնել ընդհանուր, փոխշահավետ լուծումների: Այժմ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական գործիչները միմյանց զուգակցում ու լրացնում են:

Ռուսական քաղաքական գործիչներն ու քաղաքականություն մշակողները մինչ այժմ գտնվում են օսական պատերազմի ժամանակ Թուրքիայի դիրքորոշման ուժեղ ազդեցության տակ: Չնայած այն բանին, որ Թուրքիայի նման պահվածքի նախադեպերն ու մոտիվացիան արդեն իրենց տեղն են ունեցել Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների հանդեպ, սակայն Սև ծովն ու Կովկասը շատ որոշակի ու զգայուն տարածաշրջան են Ռուսաստանի համար, և Թուրքիան իր գործողությունների հետ կապված Ռուսաստանից գլխավոր մրցանակն է ստացել: Թուրքիան անհրաժեշտ է Ռուսաստանին ոչ միայն որպես հարմար տնտեսական ու քաղաքական գործընկեր, այլև որպես ռազմավարակն գործընկեր ԱՄՆ, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ երկխոսություններում գերադասելի դիրքեր ձեռք բերելու համար:

Պետք է ասել, որ Թուրքիայի հետ հարաբերություններով շահագրգռված են Ռուսաստանի լայն ձեռնարկատիրական շրջանակները և պաշտոնյաները, այսինքն, վարչական և բիզնես էլիտան: Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններից է կախված բազմաթիվ վարչարարների բարեկեցությունը ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի առանձին շրջաններում: Ներկայում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նոր բովանդակություն են ձեռք բերել: Երկու երկրների դիվանագետները նախկինում ստվերում մնացած և բավական նուրբ բազմաթիվ խնդիրն են քննարկում` կապված Սևծով-կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջանների հետ: Հավաստի տեղեկություններ կան, թե ինչ տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասը, այդ թվում Հայաստանը թուրք-ռուսական հարաբերություններում:

Լիովին հասկանալի է, որ Հայաստանի ազգային շահերը դարձել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև քաղաքական առևտրի առարկա: Հենց Ռուսաստանն է նախաձեռնել ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում Թուրքիայի ներգրավումը, և մասնակցության այդ ռեժիմն ամբողջովին ձեռնտու է Ռուսաստանին:

Ռուսաստանը շատ լավ հասկանում էր, որ “ֆուտբոլային դիվանագիտությունը” կհանգեցներ իր դիրքերի ուժեղացմանը Կովկասում, եւ ինչպես դուրս կգար հայաստանն իրեն պարտադրված այդ գործընթացից: Ռուսաստանը նպատակ ունի հավասարեցնել իր հարաբերությունները “դաշնակից” Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որի քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ: Սակայն, այսպես թե այնպես, Ռուսաստանը մնում է պարտված: Նա չի կարողացել լուծել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա ճնդիրները, եւ առայժմ չեն կողմնորոշվել Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք կարող էին ձեռք բերել ռազմավարական եւ պարտավորեցնող բնույթ: Այսպես թե այնպես, Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը շարունակվում է, եւ դա զգացնել է տալիս ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հայ բնակչության վիճակի վրա:

Անշուշտ, Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտոնական իշխանությունների միջեւ կա փոխըմբռնում Հյուսիսային Կովկասում հայերի հասարակական կյանքի սահմանափակման հարցում: Ռուսաստանի էլիտաները ներկայում այնպիսին են, որ Հայաստանը եւ Ռուսաստանի հայերն անտարակույս կընկնեն թուրք-ռուսական մերձեցման անիվների տակ:

Հայաստանի համար գլխավոր սպառնալիք է մնում ղարաբաղյան նոր պատերազմը, այն պայմաններում, երբ Թուրքիան ու Ռուսաստանը շահարգիռ չեն Հայաստանի քաղաքական եւ ռազմական հաջողությանը, իսկ Արեւմտյան հանրությունը շահագրգիռ է դարձել Հարավային Կովկասում տարածաշրջանային պատերազմի ծավալմանը, կազմալուծելու համար թուրք-ռուսական դաշինքը եւ ուժեղացնելու իր ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում: “Սառը պատերազմի” մեկնարկից ավարտվել է քաղաքական մոդեռնի փուլը, այդ թվում համաշխարհային դիմակայության ոլորտում:

Ներկայում, երկբեւեռ համակարգի փլուզումի եւ բազմաբեւեռ համաշխարհային համակարգի առաջացման հետ սկսել է պոստմոդեռնի ժամանակաշրջանը, երբ աշխարհքաղաքականությանը փոխարինել է աշխարհատնտեսությունը, իր մոտիվացիաներով: Եկել եւ քիչ թե շատ կառավարելի կաղապարային պատերազմների ժամանակը, որոնք, ամեն դեպքում, լոկալ բնույթ ունեն: Ոչ անվտանգության գլոբալ համակարգը, ոչ էլ առանձին խոշոր պետությունները ի վիճակի չեն մղել գլոբալ պատերազմներ, եւ գեոտնտեսության եւ անվտանգության խնդիրները ;ուծվում են լոկալ պատերազմների միջոցով: Նման պատերազմների նպատակների համար անընդունելի է ազգային-ազատագրական պատերազմը:

Կոնկրետ դեպքում, նպատակ է հետապնդվում Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական ջախջախումը եւ նրա լիակատար կառավարելիության հաստատումը, որն անցանկալի է դարձել աշխարհի քաղաքական քարտեզին: Միաժամանակ, լուծվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը թույլ չտալու հարցը: Ղարաբաղյան գավառում համակարգային պատերազմը կարող է սկսել միայն Անկարայի ազդանշանից հետո, երբ պարզվի, որ ԱՄՆ եւ նրա դաշնակիցները Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում անցել են Թուրքիայի շրջափակման նոր փուլին:

Սակայն, համակարգային պատերազմը ձեռնտու չէ համաշխարհային թոփ-մենեջերներին, քանի որ դա կնշանակեր Թուրքիայի ու Ռուսաստանի դերի ուժեղացում, որոնք հրահրում եւ կանգնեցնում են այդ պատերազմը: Սակայն, այստեղ առաջանում է մի հանգամանք` Ռուսաստանը ստիպված կլինի անցնել Արեւմուտքի կողմը եւ աջակցել նրան, ցանկացած նպատակների ու խնդիրների դեպքում: Այլ կերպ նա չի կարող պահել իրավիճակը, եւ դուրս կմնա այն տերությունների ցանկից, որոնք որոշումներ են ընդունում: Անհրաժեշտ է լիովին այլ բան, երբ առաջանում է “լեգիտիմ պատահականության” իմիտացիա, որպես պոստմոդեռնի ժամանակաշրջանի պատերազմի “գործոն”:

Այս պայմաններում, ի՞նչ անի Հայաստանը: Ելքը շատ պարզ է` կազմալուծել այս ծրագրերը եւ օգտագործել բարենպաստ հանգամանքները սեփական շահերի համար: Ի դեպ, Կովկասում կաղապարային պատերազմը կարող է հանգեցնել իշխանությունից Մեդվեդեւի եւ նրա թիմի հեռացմանը: Եթե ռուս ազգը չունի հոգեւոր եւ ֆիզիկական ուժ` քշելու ներկայիս էլիտային, դա կանեն այլ ազգեր, թեկուզ եւ մեծ զոհերի գնով: Շփոթված ու կապիտուլացվող Ռուսաստանը ծնկի է եկել օսմանների առջեւ, եւ ո՞վ նրան կբարձրացնի ծնկաչոք վիճակից:

Հայկական ազգության որոշ անձինք լիովին գիտակցում են, եւ աջակցում այս իրավիճակն ու հեռանկարներն իմաստավորելուն, թեեւ նրանք չեն համարվում “հայ գործիչներ”, եւ որեւէ կերպ ինտեգրված չեն հայկական հասարակական ու քաղաքական շրջանակներին: Դա խոսում է այն մասին, որ հայերը, որպես անհատներ, կարող են հասկանալ նման սցենարները: Այդ պատճառով, տվյալ վարկածը ստացել է ճանաչում եւ ապացույցների բազա, այդ թվում` այդ մարդկանց օգնությամբ: Դրա հետ կապված, հայկական զլմ-ների, մասնավորապես էլեկտրոնային, էջերից սփռվող վայնասունը կարելի է բացատրել միայն դրանց հեղինակների ծայրաստիճան սահմանափակությամբ եւ պարզունակ մտածողությամբ: Դա նոր չէ, միշտ էլ եղել է: Ինչպես հայտնի է, հայկական հասարակական ու պաշտոնական շրջանակները աջակցել են Սոչի քաղաքի իշխանություններին` հանելու Անդրանիկ Օզանյանի արձանը: Սա հայկական էլիտայի լիակատար անկման վկայություն է: Նրանք այնպես են մտածում ու ելույթ ունենում, կարծես թե մենք բոլորս մեռել ենք, բայց չէ՞ որ բոլորս չենք մեռել: Մեզ հետ են մեր խոշոր նախնիները եւ մեծ խնդիրները, իսկ ովքե՞ր են նրանց հետ` գարշելի փողատերերը, որոնք նրանց կերակրում են էժանագին ապուրով, ասել է Իգոր Մուրադյանը:

No comments: