Tuesday, July 5, 2011

Սերժ Սարգսյանը թող ընտրի Գեւորիկին

«Լրագիր» 5-7-2011- ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասում է, որ դասական առումով նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը: Որ Սահակյանը տիրապետում է քաղաքականության դասականության բոլոր նրբերանգներին, թերեւս մեր հանրությունը` հատկապես լրագրողական, շատ անգամներ է առիթ ունեցել համոզվելու: Ավելին, շատերի համար Գալուստ Սահակյանն ինքն է դարձել քաղաքականության քայլող դասական:
Բայց անգամ այդ դասականն ի զորու չէ հստակ պատասխանել հարցին, թե ով է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը: Դասական իմաստով, իհարկե, ցուցակները գլխավորում են կուսակցությունների ղեկավարները, բայց ՀՀԿ դեպքում կա մի նրբերանգ` այդ կուսակցության ղեկավարը հանրապետության նախագահն է, եւ եթե նախագահը գլխավորի մի կուսակցության նախընտրական ցուցակ, ապա դա արդեն ոչ թե դասական, այլ զավեշտալի է ստացվում` երկրի նախագահը մտնում է խորհրդարանի ընտրության պայքարի մեջ:
Բայց, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ վարվի, եթե ի վերջո չկարողանա լուծել ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարի խնդիրը: Խնդիրն իհարկե նրա ընտրության բարդությունը չէ, երբ դժվար է ընտրել եղած շատից: Դժվարը ընտրությունը կուսակիցներին, կամ այլ կերպ ասած` իշխող համակարգին բացատրելն է: Բայց, այդ խնդիրն իհարկե առաջանում է այն դեպքում, երբ ցուցակի առաջին համար է ընտրվում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրինակ, եթե Հովիկ Աբրահամյանին ընտրի, ապա բացատրելու կարիքը վերանում է:

Բայց այդ դեպքում ինչ որ բացատրությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ թե հասարակությանը, թե նաեւ միջազգային գործընկերներին, որոնց աջակցությամբ է նաեւ Տիգրան Սարգսյանը նշանակվել ու մնում վարչապետի պաշտոնում: Ահա այդպիսի իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է ավելորդ ու դժվար բացատրություններից խուսափելու համար պարզապես վերցնել ու ՀՀԿ ցուցակը գլխավորել անձամբ:

Թեեւ, կարելի է նաեւ առավել օրիգինալ լուծում գտնել եւ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին տեղը վստահել ՀՀՇ-ի Գեւորիկին, այսինքն նախկին ՀՀՇ-ի, քանի որ ներկայում Գեւորիկը կարծես ՀՀԿ է անցել, եւ գուցե արդեն դարձել է ՀՀԿ-ի Գեւոր: Բանն այն է, որ իշխանությունն “իկ” փաղաքաշական վերջածանցը կարծես այդքան էլ չի սիրում:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: