Thursday, August 11, 2011

«Համերկրացիներ» ծրագրով ՀՀ մարզերից Ռուսաստան է մեկնել 600 ընտանիք, նոր ծրագիր է սկսում Լեհաստանը

News.am 11-8-2011- Ռուսական կառավարության կողմից մշակված «Համերկրացիներ» ծրագով Շիրակի ու Լոռիի մարզերից Ռուսաստանի տարբեր շրջաններ են մեկնել շուրջ 600 ընտանիքներ: Այժմ ծրագիրն ավարտվել է: Գյումրիում Ռուստատանի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ծրագիրը կրկին վերականգնվելու է: Փոխարենը նմանատիպ մեկ այլ ծրագիր իրականացնում է նաեւ Լեհաստանի կառավարությունը:
ՌԴ հյուպատոսի ներկայացմամբ, պատահական չէ, որ «Համերկրացիներ» ծրագիրը նաեւ Գյումրիում է իրականացվում, քանի որ, ըստ նրա «այս քաղաքում մոտ 5000 ռուսներ են ապրում, այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, դա եւս մեկ ապացույց է հայ եւ ռուս ժողովուրդների վաղեմի բարեկամության»:
«Համերկրացիներ» ծրագիրը նախատեսված էր ոչ թե Հայաստանի հայաթափման, այլ 2 ժողովուրդների միջեւ եղած կապն ամրապնդելու համար»,-ընդգծել է հյուպատոսն ու հավելել, որ մարդկանց մեծամասնության կողմից ճիշտ չի ընկալվում այս ծրագրի էությունը:
«Այս ծրագիրը նախագծվել է դեռ 2006 թվականին, հաստատվել 2010-ին, ավարտին հասցվել մինչեւ 2011-ը: Նախագծի ենթաանվանումն է. «Միջպետական ծրագիր` համերկրացիների ինքնակամ ՌԴ տեղափոխման համար»: Հայաստանից այս ծրագրով Ռուսաստան է տեղափոխվել, «ընդամենը» 600 ընտանիք, որոնցից միայն չնչին մասն է առայժմ վերադարձել հայրենիք»,-մանրամասնել է Վասիլի Կորչմարին:
Ռուսաստան մեկնող հայերի համար կա աշխատանքային փաթեթ, որ ներառում է ոչ միայն տրվող աշխատանքը, այլեւ 90 օրվա ժամանակավոր գրանցում, վճարված տոմսի ու բեռնափոխադրումների համար դրամական փոխհատուցում, 2 տարվա անվճար բուժսպասարկում, երեխաների համար նախակրթարանների ու դպրոցների կրթության տրամադրում: Նախքան մեկնումը, մեկ ընտանիքի համար տրամադրվում է 5-10 տոննա տարողությամբ կոնտեյներ, իրերի տեղափոխման համար: Կան բավարար պայմաններ` բարեկեցիկ կյանք վարելու համար. միակ պայմանը մեկնելուց հետո աշխատելն է:
Այսպիսով, ըստ հյուպատոսի, հայերի համար ստեղծվում են բարեկեցիկ կյանքի պայմաններ, իսկ ինչ է տալիս նախագիծը Ռուսաստանի կառավարությանը հարցին, նա պատասխանել է. «Միայն ու միայն աշխատուժ»:
«Համերկրացիներ» ծրագիրը գործում է աշխարհի շատ երկրներում, այդպիսի մի նախագիծ է ներկայացրել նաեւ Լեհաստանի կառավարությունը, միայն թե նրանք նույն պայմաններով ու աշխատանքի տրամադրմամբ, հայրենիք են կանչում տարբեր երկրներում ապրող իրենց քաղաքացիներին, որպեսզի աշխատանք տրամադրեն իրենց երկրի բնակիչներին, այլ ոչ` օտարին:
Լեհական կառավարության նախագծած այս ծրագրով Լեհաստան վերադարձող հայրենակիցները կունենան մշտական բնակության վայր, գրանցում, կրթության ու աշխատանքի պայմաններ: Աշխատանքային միգրացիա կա նաեւ այդ երկրում, բնակչությունը տեղափոխվում է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի տարբեր քաղաքներ` աշխատանք գտնելու ու բնակություն հաստատելու համար, ուստի հայրենակիցներին հետ վերադարձնելն արդեն կենսական անհրաժեշտություն է դառնում:

No comments: