Wednesday, August 10, 2011

Ինչ է ասել Մեդվեդեւն Ալիեւի ականջին

«Լրագիր» 10-8-2011- Սոչիում երեկ տեղի ունեցած Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներում հերթապահ ձեւակերպումներով տեղեկատվություն է հրապարակվել: Փաստացի, 4,5 ժամ տեւած հանդիպման մասին կողմերը որոշել են առանձնապես չծավալվել:
Ի՞նչ են քննարկել Մեդվեդեւն ու Ալիեւը: Ակնհայտ է, որ քննարկվել են շարունակական տապալումների պայմաններում Մեդվեդեւի դեմքը փրկելու եւ հավանական պատերազմի խնդիրները: Բանն այն է, որ Ռուսաստանը իր եռամյա միջնորդության ընթացքում, ընդառաջ գնալով Բաքվի պահանջներին, գիտակցաբար թե ոչ, տապալել է խաղաղ կարգավորման ընթացքը եւ իրավիճակը հանգեցրել պատերազմի:
Ըստ ամենայնի, Ալիեւին հետաքրքրել է այն խնդիրը, թե հնարավոր պատերազմի դեպքում արդյոք Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, քանի որ այս երկրները կապված են ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագրով: Դժվար է ասել, թե Մեդվեդեւն ինչ է պատասխանել Ալիեւին, սակայն ակնհայտ է, որ պատերազմն այսպես թե այնպես ձեռնտու է Ռուսաստանին` Կովկասում ազդեցությունը պահելու եւ հակամարտության գոտում, հատկապես Իրանի հետ սահմանակից տարածքներ զորք մտցնելու համար: Այնպես որ, չի բացառվում, որ քննարկվել է հնարավոր պատերազմի սցենարը: Համենայնդեպս, այս հանդիպումից հետո կողմերը չեն խոսել պատերազմական ճանապարհի բացառման մասին, ինչպես սովորաբար լինում էր եռակողմ հանդիպումներից հետո:
Ըստ տեղեկությունների, Սոչիի այս հանդիպումը պետք է լիներ եռակողմ, սակայն երեւում է Սերժ Սարգսյանը մերժել է Բաքվի պահանջով կազմված ռուսական նոր առաջարկները, եւ իմաստ չի եղել մեկնել Սոչի:

No comments: