Wednesday, August 10, 2011

Մեդվեդևը հոգնել է Ղարաբաղյան հարցով անարդյունք հանդիպումներ կազմակերպելուց. Հրանտ Մելիք Շահնազարյան

Tert.am. 10-8-2011- Ադրբեջանական կողմը մշտապես խնդիրներ է հարուցում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում: Ռուսաստանը` ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդևի, փորձում է Բաքվին հետ բերել երկխոսության կառուցողական դաշտ։ Նման տեսակետ այսօրվա ասուլիսին հնչեցրեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով ՌԴ նախագահի առաջարկությամբ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ նախօրեին կայացած հանդիպմանը:
«Եթե հիշում եք, Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե 100 տոկոսանոց վստահություն չլինի, որ եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպումն արդյունքներ չարձանագրի, ապա այդպիսի հանդիպում, ամենայն հավանականությամբ, չի նախանշվի»,- շեշտեց փորձագետը:
Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նկատեց, որ Ռուսաստանի նախագահը հոգնել է հանդիպումներ կազմակերպելուց, որոնք Արցախյան խնդրի հարցում էական տեղաշարժեր չեն գրանցում: «Մենք դեռ երկար ենք տուժելու Ադրբեջանի պատճառով»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը` հավելելով, որ Բաքվի ապակառուցողականությունն ակնհայտ է նաև Մոսկվայի համար, ինչի վկայությունն է Ալիև-Մեդվեդև վերջին հանդիպումը:
Խոսելով ռուսաստանյան հանդիպումից հետո շրջանառվող տեղեկությունների մասին, թե Ադրբեջանի ղեկավարն ընդունել է Մեդվեդևի առաջարկությունները, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Որևէ փաստ չկա, թե կոնկրետ ինչ առաջարկություն է հնչել և դրանց որ մասին է Ալիևը հավանություն տվել: Ցավոք, հանրության համար անհայտ են նաև Մեդվեդևի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հղած ուղերձների և դրանց պատասխանների բովանդակությունները»,- արձանագրեց ռազմական փորձագետը:

No comments: