Monday, October 24, 2011

Տիգրան Սարգսյանի կրոնապետությունը

«Լրագիր» 24-10-2011- ԱԺ ներկայացված Գույքահարկի մասին օրենքում փոփոխություններն այսօր շոկի մեջ էին գցել պատգամավորներին: Այդ նախագգծով առաջարկվում է արտոնություններ տրամադրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն` նրա տնօրինության տակ հանձնելով մի շարք հողատարածքներ ու բնակելի շենքեր:
Բացի այդ,Կառավարությունը ներկայացրել էր նաեւ 450-ից ավելի տարածքներ պարունակող ցանկ, որոնք պետք է անցնեն եկեղեցու տնօրինությանը եւ ազատվեն գույքահարկից: Օրինակ` կառավարությունն առաջարկում է եկեղեցու տնօրինությանը հանձնել 20 կտոր հողատարածք, 4 վիլլա, 35 բնակարան, 11 ֆուտբոլային դաշտ, 2 արհեստական լիճ, լճի տակ գտնվող մառաններ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ, տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արոտավայրեր եւ այլն:
Լսելով այս տվյալները, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը տեղից ռեպլիկ նետեց. «Իսկ սաունաներ չկա՞ն ցանկի մեջ»:
Իսկ արդեն խորհրդարանական ամբիոնից նախագծին դեմ արտահայտվեցին եւ ԱԺ ընդդիմադիր, եւ կոալիցիոն խմբակցությունները:
Կառավարության նախաձեռնությունը քննադատեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, թե եկեղեցու տնօրինության տակ գտնվող տարածքներն ազատված են գույքահարկից եւ հիմա շուրջ 450 անուն անշարժ գույք տրամադրելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն` տվյալ համայնքներին զրկում են եկամտի լուրջ աղբյուրից։
«Իսկ մենք գիտենք, որ շատ համայնքներ աշխատում են հենց գույքահարկի ու հողի հարկի միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ համայնք կա, որի բյուջեն 2–3մլն դրամ է, իսկ այս օրենքով փաստորեն նվազեցվելու է համայքների բյուջեն: «Այդ պատճառով ես առաջարկում եմ, որ համայնքներն իրենք որոշեն` նման լավություն անելու են, թե ոչ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչով է ֆուտբոլային դաշտը նպաստելու մեր հոգեւոր սննդին: Եկեք մնանք չափի մեջ եւ չշտապենք այս նախագծի ընդունմամբ»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ սրանից կարող են հետեւություններ անել նաեւ կրոնական մյուս կազմակերպություններն ու դիմել արտոնություններ ստանալու համար:

No comments: