Monday, October 24, 2011

Լեւոնն ու Ռոբերտը թող հրաժարական տան

«Լրագիր» 24-10-2011- Վերնագիրը կարդալուց հետո թերեւս հարց ծագի ընթերցողի մոտ՝ հրաժարական տան ինչի՞ց: Չէ՞ որ նրանք պաշտոններ չունեն, «առաջին, երկրորդ» նախագահները պաշտոն չեն: Այստեղ նկատի չունենք նաեւ Կոնգրեսի առաջնորդ կամ Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելը: Խոսքը բոլորովին այլ բանի մասին է, ինչ որ տեղ՝ խորհրդանշական:
Անկախ Հայաստանի պետականության կառուցման ճանապարհին թերեւս ժամանակն է ներդնել նախկին նախագահի ինստիտուտը: Այս մասին ժամանակ առ ժամանակ խոսակցություն մամուլում ծավալվել է, եւ թերեւս նախագահների թվի քիչ լինելն է պատճառը, որ գործնական քայլեր չեն կատարվել: Սակայն, վերջին տարիների ներքաղաքական իրավիճակը ստիպում է ձեռնամուխ լինել այդ ինստիտուտի ստեղծմանը:
Կարելի է ուսումնասիրել տարբեր երկրների փորձը, որը բավական հարուստ է, եւ կուտակվել է արժեքավոր ավանդույթ՝ նախկին նախագահների գիտելիքը, փորձը, կապերն ի շահ երկրի օգտագործելու ուղղությամբ: Նախկին նախագահները գլխավորում են տարբեր հիմնադրամներ, ընդգրկվում հեղինակավոր բուհերի խորհուրդների կազմում, ղեկավարում քաղաքագիտական-վերլուծական կենտրոններ:
Հայաստանում այս ամենը բացակայում է: Նախկին նախագահներին տրվում է տուն, աշխատավարձ թե «նպաստ», գրասենյակ, այլ արտոնություններ: Սակայն, ի վերջո, նրանք մնում են որպես «թոշակառուներ»: Կարելի է հասկանալ նախկին նախագահներին՝ նրանք նստում են տանը, նրանց կողմնակիցները, Հայաստանում ձեւավորված քաղաքական արատավոր հարաբերությունների պարագայում, հայտնվում են «փողոցում», նրանց կանչում են «ազգովի»: Նրանք ինչ որ պահի հավատում են, որ միայն իրենք կարող են փրկել հայրենիքը օրհասական պահին, եւ մտնում են գործնական քաղաքականություն:
Եւ այս պարագայում, նրանց գործոնը բացահայտ օգտագործվում է նաեւ արտերկրի կողմից, մեր պարագայում՝ Ռուսաստանի: Օրինակ, կարելի է հիշել Ղարաբաղյան կարգավորման «ռուսական փուլը», երբ Կրեմլը մի կողմից, հայ Ազգային կոնգրեսը մյուս կողմից, այնպես էին սրել քաղաքական ու բարոյահոգեբանական իրավիճակը ԼՂՀ խնդրի շուրջ, որ վտանգ կար, որ Սերժ Սարգսյանը չի դիմանա եւ կստորագրի կործանարար համաձայնագիրը Ադրբեջանի հետ: Սակայն, բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, արտաքին այլ դերակատարների շահերի հակասության առկայությամբ, եւ Կոնգրեսն էլ կարծես թե դադարեցրեց նման քաղաքական գիծը:
Ներկայում դիտվում է մեկ այլ երեւույթ. Ռուսաստանը ստիպեց Հայաստանին ստորագրել ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը եւ ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանը միանա Եվրասիական միության նախագծին: Ռուսական լրատվամիջոցներն անթաքույց գրում են, որ եթե Սերժ Սարգսյանը չգնա դրան, ապա իրենք Հայաստանում իշխանության կբերեն ուրիշի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին:
Ցավոք, անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը դուրս չի գալիս այս կախարդական շրջանից: Այնինչ, նախկին նախագահների ինստիտուտի ստեղծումը, դրա օրենքով ամրագրումը կնպաստեր Հայաստանում առողջ քաղաքական դաշտի ձեւավորմանը, ներքաղաքական կյանքը առավելագույնս օտար ազդեցություններից զերծ պահելուն: Եվ նախկին նախագահներն էլ ստիպված չեն լինի մտնել գործնական քաղաքականության մեջ այն ձեւով, ինչպես կատարվում է Հայաստանում, որը ոչ մի լավ բանի փաստացի չի հանգեցնում: Իր հերթին, նրանք կդառնան իշխանության անցանկալի քայլերի կանխողը, եւ ոչ թե ակամա դրան մղողը, երբ իշխանությունն իր դիրքերը կորցնելու վախից գնա արտաքին զիջումների:


Հայկ Արամյան

No comments: