Thursday, October 6, 2011

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար. ԼՂ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի

News.am. 6-10-2011- ՄիացյալՆահանգները նախկինի պես ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին պարզ հասկացնել տալ, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այս մասին ադրբեջանական 1news.az գործակալությանն ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
Նրա խոսքով` ԱՄՆ կառավարությունը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ձեռքբերմանը խաղաղ ճանապարհով` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հասկանալ, որ բաց հակամարտության վերադարձը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Մենք կրկնում ենք նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի` մայիսի 26-ին G-8-ի գագաթնաժողովում արված հայտարարությունը, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման»,-հայտարարել է Վերշբոուն:

No comments: