Thursday, October 6, 2011

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման վտանգը մշտապես առկա է

News.am. 5-10-2011- Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման վտանգը մշտապես առկա է։ Այս մասին Deutsche Welle-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) Ռուսաստանի եւ ԱՊՀ հարցերով փորձագետ Թոմա Գոմարը։ Ըստ նրա՝ դրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելին է, քան` Հայաստանի ողջ բյուջեն։ Բացի դրանից, փորձագետը, այս բարդ հակամարտության արագ եւ ամբողջական լուծման տարբերակ չի տեսնում։ «Եթե հաջողվի երկու երկրների միջեւ նվազեցնել լարվածությունը, կամ խուսափել պատերազմից, դա արդեն առաջընթաց կլինի»,- նշել է ֆրանսիացի փորձագետը։
Անդրադառնալով Նիկոլա Սարկոզիի Հարավային Կովկաս կայանալիք այցի նպատակին՝ Գոմարը նշել է, որ Սարկոզին առաջին հերթին կփորձի լուծել իր համար կարեւոր, ներաքաղաքական խնդիրները։ «Կարելի է ասել, որ Սարկոզին ղեկավարվում ավելի շատ ներքաղաքական շահերով, քան արտաքին, քանի որ փորձ է արվում Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հավելյալ միավորներ հավաքել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկու գործոն է դեր խաղում։ Առաջինը՝ Ֆրանսիայի ազդեցիկ հայ համայնք է, որի դիրքորոշումը նախագահական ընտրություններում իր որոշակի նշանակությունը կունենա։ Չէ որ Սարկոզին կմեկնի Հայաստան հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, ով հայկական ծագում ունի։ Ակնհայտ է, որ Ֆրանսիայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ է հետեւում Կովկաս կատարելիք այս այցին»,- ասել է Գոմարը։
Փորձագետի խոսքով՝ երկրորդ գործոնը Թուրքիան է։ Փարիզի եւ Անկարայի հարաբերությունները ավելի քան բարդ են երկու պատճառով։ «Առաջինը՝ Սարկոզիի Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցի վերաբերյալ կոշտ դիրքորոշումն է, որը նա դրսեւորել է ընտրվելուց հետո։ Երկրորդը՝Լիբիայում իրավիճակի լուծման կապակցությամբ տարաձայնություններն են ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ներսում ընթացող գործընթացները։ Եվ վերջապես, Ֆրանսիայում կա հզոր հայ համայնք, որն ամեն ինչ անում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Սա եւս բարդացնում է ֆրանկո-թուրքկական հարաբերությունները»,- ամողջացրել է Գոմարը։

No comments: