Thursday, October 6, 2011

Թոմաս դե Վաալը` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

Tert.am. 5-10-2011- The National Interest հանդեսը հրապարակել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Վլադիմիր Պուտինը և Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի թարգմանությամբ:
Հեղինակը գրում է, որ Ռուսաստանի հարևանները այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը։ Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է։
Վերլուծաբանի համոզմամբ` Պուտինի ազդարարած վերադարձը հարավկովկասյան լիդերներին վստահաբար կստիպի վերանայել հաշվարկները։ Հայաստանում այդ լուրն անպայման կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` ևս մեկ նախկին նախագահի, ով ստվերում էր։ Կան ակնհայտ զուգահեռներ` երկուսն էլ երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո 2008 թվականին են հեռացել նախագահական նստավայրից և աթոռը հանձնել են վստահելի գործիչներին։ Ինչպես և Պուտինը, Քոչարյանն էլ ունի կոշտ և անզիջում անձնավորության համբավ։ Ուստի, նա կարող է իր երբեմնի դաշնակցի վերադարձը դիտել որպես իր հանրային կարիերան վերսկսելու պատեհություն։
Սակայն այս խնդրում, ընդգծում է դե Վաալը, կան նաև հստակ տարբերություններ։ Մասնավորապես, նշում է վերլուծաբանը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի` Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը 2013 թվականին է սպառվում, իր նախորդի հետ հավասար դիրքի է. երկուսն էլ մոտ երեք տասնամյակ համագործակցել են, իրենց քաղաքական կարիերաները անցած դարի 80-ականների սկզբին են սկսել, ընդ որում` Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունում Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել։
Այդուհանդերձ, ըստ Թոմաս դե Վաալի, հիմնական տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձևական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի, մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը։ Սերժ Սարգսյանը դա գիտակցում է, և Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն Սարգսյանին տեսնել, կարծիք է հայտնում վերլուծաբանը։
Լեռնային Ղարաբաղի հարցում, Թոմաս դե Վաալի համոզմամբ, կարելի է ակնկալել, որ Պուտինը Մեդվեդևից ավելի քիչ կմիջամտի։ Ըստ որոշ տվյալների, 2004 թվականին Աստանայում Պուտինը խիստ զայրացել է, նա փորձել է միջնորդել Ղարաբաղի հարցով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նախ ուշացել են հանդիպման, ապա Պուտինի ներկայությամբ ներքաշվել են տհաճ վիճաբանության մեջ։ Պուտինը, ըստ դե Վաալի, այլևս չի ցանկանում հայտնվել նման կացության մեջ, ի տարբերություն Մեդվեդևի, ով Սարգսյանի և Ալիևի 9 հանդիպում է կազմակերպել։
2007 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ասուլիսում պատասխանելով Ղարաբաղի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին` Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որևէ որոշում չի պարտադրի։ «Դուք` հայերդ և ադրբեջանցիներդ, չպետք է այս հարցը մեր վրա բարդեք, էդ դուք պետք է լուծում գտնեք»,- հայտարարել էր նախագահ Պուտինը:
Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, այդ ասուլիսին նա դրանով չի բավարարվել և ավելի թեթև թեմա է զարգացրել` հիշեցնելով ներկաներին, թե ինչ լավն էր «Աղդամ» անունով էժան պորտվեյնը, առաջարկել էր, որ հայերն ու ադրբեջանցիները վերականգնեն Աղդամ քաղաքը և վերսկսեն այդ անվամբ գինու արտադրությունը։
Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Պուտինը, կարծես, միտումնավոր ցանկանում էր նկատել տալ, որ այդ խնդիրը իր համար մեծ նշանակություն չունի և ընդամենն առնչվում է իր ուսանողական տարիների էժան խմիչքի հետ։

Միխեիլ Սահակաշվիլիի հարցում ավելի պարզ պատկեր է, նա և Պուտինն իրար ատում են։ Վլադիմիր Պուտինը Նիկոլա Սարկոզիին ժամանակին բավական կոպիտ ասել է, թե կցանկանար «Սահակաշվիլիին ամորձիներից կախել»։ Սահակաշվիլին էլ արձագանքել էր, թե «Կրեմլում կա մի Լիլիպուտին մարդ»։
Երկու երկրների միջև 2008-ին տեղի է ունեցել պատերազմ։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ Կրեմլ Պուտինի վերադարձի դեպքում ռուս-վրացական վատ հարաբերությունները կդառնան վատթարագույն։ Մինչդեռ, Վրաստանն առ այսօր խոչընդոտում է Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։
Ամփոփելով հոդվածը` վերլուծաբանը գրում է. - «Այս ամենը, իհարկե, առանձնապես խոստումնալից չէ։ Սակայն Պուտինի վերադարձի մասին բոլոր կանխագուշակումներն էլ վերջնական համարել չի կարելի։ Ի վերջո, Պուտինը իրատես է, ով գործ կունենա ավելի թույլ Ռուսաստանի հետ, քանի որ ներկայիս հանգամանքները տարբերվում են 2008 թվականի քաղաքական և տնտեսական իրավիճակից։ Ուստի, հնարավոր է, որ Պուտինը փորձի օգտագործել իր ազդեցությունը և Ռուսաստանի անունից առաջարկել ռազմավարական մեծ հաշտություն հարավային փոքր հարևաններին։ Սա հնարավոր է, բայց քիչ հավանական»։

No comments: