Thursday, October 6, 2011

ՆԱՏՕ-ԻՆ, ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ԿԾԵԼՈՒ» ՔՈՂԻ ՏԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՔԱՐՏԸ

Չճանաչելու կոչ` տիկնոջ առաջին զեկույցով
«ԱԶԳ», 06-10-2011- Կիպրոսի, Հարավսլավիայի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում այլ երկրների ու միավորումների, համապատասխանաբար` Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի կողմից ռազմական միջամտությունն էր դրված «Ազգային ինքնիշխանությունն ու պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. hստակեցման անհրաժեշտությունը» ԵԽԽՎ զեկույցի հիմքում, որը, որպես իր առաջին զեկույց, ներկայացրել էր գերմանացի Մարինա Շուստերը: Փաստացի փակուղային վիճակում թողնելով ինքնորոշման իրավունքի իրացման հետեւորդներին` բանաձեւը քննարկվեց ու ընդունվեց հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան` ձայների 79 կողմ, 18 դեմ եւ 2 ձեռնպահ բաշխվածությամբ, գրեթե առանց փոփոխության, իսկ ավելի ճիշտ` առանց էական փոփոխությունների
Հայաստանյան պատվիրակությունը ողջ կազմով դեմ քվեարկեց: Զուտ կիպրոսյան հարցում անհամաձայնության պատճառով բանաձեւին դեմ քվեարկեցին նաեւ թուրք պատգամավորները, որոնց մինչեւ քվեարկությունը հնչած ելույթներում, որքան էլ ադրբեջանցի գործընկերների ականջին տհաճ պիտի հնչեր, շեշտադրվեց, թե ազգային ինքնիշխանության անվան տակ պետք չէ ոտնահարել մարդու իրավունքները:
«Պատմությունը սուպերմարկետ չէ, որ վերցնեք ինչ ուզում եք` աչք փակելով այլ իրողությունների վրա»` թուրք կիպրացիների «իրավունքները պաշտպանելու համար ռազմական միջամտության դիմաց» Թուրքիային արդարացնելու փորձ արեց վեհաժողովական Հալուք Քոչը: Թուրք մեկ այլ պատգամավորի` Շաբան Դըշլիի դատողությունները, թե ինքնիշխանության պահպանումը սահմանների ներսում ամեն ինչ անելու թույլտվություն չէ, կարելի էր ամենայն հեշտությամբ հասցեագրել նույն Թուրքիային, հարեւան Ադրբեջանին` Նախիջեւանի պարագայում:
Թուրք պատգամավորների «հավասարակշիռ» խոսքին հակառակ ադրբեջանական պատվիրակները էլի հիշեցին «ադրբեջանական օկուպացված տարածքները»` աճող տոկոսայնությամբ, ու փախստականների «միլիոնանոց» խնդիրը: ԽՍՀՄ ստեղծումը «դիվային» որակող Ռաֆայել Հուսեյնովի պատմության իմացությամբ ադրբեջանական տիրապետությունը կուլ էր տվել Երեւանը, ու դեռ Ադրբեջանն էլ «զուսպ» է` «շտկելու իրավիճակը»: Այդին Աբասսովն էլ դարդ էր անում, որ Ադրբեջանը չի կարողանում պաշտպանել ղարաբաղցի «իր քաղաքացիների» իրավունքները` թերեւս պաշտպանելու ադրբեջանական ընկալմամբ շփոթելով էթնիկ զտումը:
Այլ երկրների պատվիրակներից ռուս Լեոնիդ Սլուցկին ադրբեջանական տեքստով էր հանդես գալիս, իսպանացի Արկադիո Դիազ Տեխերան շեշտադրում էր ազգային ինքնության պահպանման հարցերը, իսկ հունգարացի Ֆերենց Կալմարն ընդգծեց, որ թեեւ զեկույցում մի քանի էթնիկ խնդիր է նշված Եվրոպայում, բայց չի հիշատակվում աշխարհում հունգար բնակչության մեկ երրորդի` Հունգարիային հարեւան 7 երկրներում լեզվի սահմանափակումներով, պատմության կեղծումներով, ուծման վտանգով ապրելու փաստը:
Հայ պատվիրակներից Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ մեր օրերում հանդուրժում են ոչ միայն Կիպրոսի հյուսիսային հատվածի, այլեւ Արեւմտյան Հայաստանի թուրքական օկուպացիան: Եվ դա այն դեպքում, երբ, Փոստանջյանի խոսքով, Արցախը բավարարում է պետականության բոլոր պահանջները` «20 տարվա ընթացքում ապացուցելով իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին»: Վեհաժողովական Նաիրա Զոհրաբյանն էլ նախ հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանվող ինքնորոշման իրավունքի գերակայությունը այն դեպքում, երբ զեկուցողը գտել է, թե գոյություն չունեն պետականության հաստատման եւ այլ պետության կազմից օրինականորեն անջատվելու չափանիշներ:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ զեկույցն ու բանաձեւի նախագիծը ներկայացնում են հեղինակների տեսակետն ու չեն արտացոլում միջազգային իրավունքի ներկա ընկալումները: Բանաձեւի նախագիծն, ըստ այդմ, հիմնված է երեք ապակողմնորոշող ենթադրությունների վրա: Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, բանաձեւում օգտագործվել են «օրինական» եւ «անօրինական» անջատումներ, մինչդեռ միջազգային իրավունքով անջատումը որեւէ բնութագրական չունի: Եվս մեկ ապակողմնորոշում է պարունակում մոտեցումը, թե «անջատողական շարժումները ընդհանրապես վտանգում են միջազգային խաղաղությունը»` հակասելով Հարավային Սուդանի, Արեւելյան Թիմորի, Էրիտրեայի մասին այլ բանաձեւերի ձեւակերպումներին: Հարությունյանի խոսքով, ճիշտ չէ նաեւ «ինքնորոշման իրավունքը հակադրության մեջ է տարածքային ամբողջականության սկզբունքի հետ եւ հարցը լուծելու համար սկզբունքներից մեկը պետք է ստորադաս լինի» մոտեցումը, քանի որ ինքնորոշման իրավունքը, որպես ՄԱԿ-ի նպատակներից մեկը, որեւէ կերպ չի կարող ստորադասվել տարածքային ամբողջականության սկզբունքին:
Այս ամենով հանդերձ, բանաձեւի նախագծում առաջարկված 24 փոփոխություններից հայաստանյան պատվիրակության ներկայացրած 15-ից ընդունվեցին միայն երեքը, որ էական փոփոխություն չէին մտցնում բանաձեւի բովանդակության առումով: Արդյունքում մնացին անընդունելի մի շարք դրույթներ: Մասնավորապես, բանաձեւ 1832-ի 3-րդ կետով «անջատողական շարժումները» իբր սպառնում են խաղաղությանը, կայունությանն ու տարածքային ամբողջականությանը, մեկ այլ դրույթով էլ նշելով, թե ինքնորոշման շարժումների միտումները պետք է քննարկվեն «բռնությունն ու անջատումը կանխելու» նպատակից ելնելով:
Բանաձեւում թերեւս ամենաանհեթեթ կետը, որ բխեցվել է բանաձեւում բերված Կիպրոսի հյուսիսային հատվածի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Հարավսլավիայի օրինակներից, բայց ակնհայտորեն ապագա խութ է, ԵԽ անդամ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ «անօրինական անջատումների, մասնավորապես օտարերկրյա ռազմական միջամտության աջակցության արդյունք տարածքների դե ֆակտո իշխանություններին որեւէ կերպ աջակցելուց եւ ճանաչելուց»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

No comments: