Monday, December 26, 2011

Իսրայելի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

News.am. 26-12-2011- Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, այսօր` դեկտեմբերի 26-ին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթի քննարկման ժամանակ, այդ երկրի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը հայտարարել է, որ թեժ բանավեճ է սպասվում:
Օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո խոշոր սկանդալ է սկիզբ առել Անկարայի եւ Փարիզի միջեւ: Թուրքիան նույնիսկ հետ է կանչել իր դեսպանին:
Մոտ ժամանակներս այդ փաստաթուղթը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ` հաստատման, որը կարող է տեղի ունենալ 2012-ի մարտին: Այդ օրինագծի ընդունման դեպքում, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
«Կնեսետի համապատասխան հանձնաժողովի նիստին կմասնակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները, որոնց թվում են Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը եւ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը: Շատերը վկայակոչում են Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը, նշելով, որ տեսեք, ֆրանսիացիները չվախեցան հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ: Սակայն կարեւոր է հասկանալ, որ ամեն երկիր ունի իր կանոններն ու առաջնահերթությունները: Ֆրանսիան կարող է իրեն թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Իսրայելը: Բացի այդ, նրանք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ավելի շատ պատճառներ ունեն»,-ասել է Միլլերը, հավելելով, որ նկատի ունի 600 հազարանոց ֆրանսահայ համայնքի առկայությունը, որը լուրջ ձայներ կապահովի Սարկոզիի համար:
Հանձնաժողովի նախագահն իր գործընկերների խորհուրդ է տվել չպատճենել Ֆրանսիացի պատգամավորների գործողությունները: «Մենք չպետք է ակադեմիական եւ պատմական խնդիրը վերածենք քաղաքական խնդրի: Մենք պետք է սովորենք պատմությունը, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն, այլ ոչ թե, որպեսզի փչացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ»,-ասել է նա:

No comments: