Wednesday, December 28, 2011

ՀՅԴ-ն ինտրիգների սարդոստայնում

Խորհրդարանի եւ նախագահի ընտրությունների իրական մասնակիցներից մեկը կարող է դառնալ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչը, որը երկիմաստ վիճակում է: Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի առաջ քաղաքական հիմնական խնդիրների մասով որոշ պարտավորությունների կողքին, ՀՅ Դաշնակցությունը, ոգեւորված խորհրդարանի ընտրությանը որոշակի հաջողությունից, որը կարող էր ձեռք բերվել միայն իշխանության կողմից կուսակցությանը բարեհաճ վերաբերմունքի դեպքում, փորձում է ամրացնել սեփական քաղաքական վիճակը, բարձրացնելով իր հեղինակությունը եւ առաջադրելով վառ քաղաքական գործչի՝ որպես նախագահի պաշտոնի թեկնածու:
Դաշնակցության ներսում տեղի են ունենում խարդավանքներ եւ ձեւավորվում որոշ խմբավորումների դիրքորոշումներ, ինչն այդ կուսակցությանը հնարավորություն չի տալիս անհրաժեշտ ջանքեր գործադրել իրական թեկնածու առաջադրելու ուղղությամբ, որն ի վիճակի կլիներ արժանապատիվ անցկացնել ընտրությունները եւ հստակեցնել կուսակցության տեղը հասարակության եւ քաղաքականության մեջ: Կուսակցության առաջնորդ Հրանտ Մարգարյանը, որը հիմնականում ուզուրպացրել է իշխանությունը կուսակցության մեջ, բացարձակապես շահագրգռված չէ իրական թեկնածու առաջադրելու, այդպիսով՝ կուսակցության նոր առաջնորդի կայացման հարցում:
Միեւնույն ժամանակ, Հրանտ Մարգարյանն ու նրա շրջապատը շահագրգռված են քաղաքականությանը Դաշնակցության ինքնուրույն մասնակցության ծավալման մեջ, քանի որ դա թույլ կտա ամրապնդել նրա անձնական դիրքերը եւ զգալի գումարներ հավաքել: Տվյալ, սկզբունքայնությունից հեռու դիրքորոշումը չեն կարող կուսակցությանը հանգեցնել նոր, առավել հավակնոտ խնդիրների ընկալմանը, քան իշխանության կառքի հետեւից հնազանդ քարշ գալը:
Կա բավական էական գործոն, որը կուսակցության ղեկավարությանը մղում է ինքնուրույն քաղաքականություն վարելու՝ դա Դաշնակցության արտասահմանյան կառույցների պահանջն է, որոնք գտնում են, որ Հայաստանում կուսակցության ղեկավարները հրաժարվել են կուսակցության սկզբունքներից ու ավանդույթներից, ռազմավարական խնդիրներից, եւ հեղափոխական կուսակցությունը վեր են ածել իշխանության հնազանդ գործիքի:
Կուսակցության ներսում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ի հայտ են եկել նոր մարդիկ ու գաղափարներ, որոնք պատրաստ են աշխատել եթե ոչ ավտոնոմ, ապա կուսակցության պաշտոնական մարմիններից բավական հեռավորության վրա: Օրինակ, Եվրոպայում եւ հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում ու Լիբանանում առաջացել է ծայրահեղ աջ ու ազգայնական բնույթի նոր հոսանք, որը հենվում է բավական ունեւոր մարդկանց նոր սերնդի վրա, որոնք պատրաստ են ձեւավորել ու ֆինանսավորել ամբողջ աշխարհում ճյուղավորված «նոր լոբբին», որն ընդունակ է առավել արդյունավետ հարաբերությունների մեջ մտնել Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի պետությունների կառավարությունների եւ քաղաքական շրջանակների հետ:
Նրանք փայլուն կրթություն ստացած մարդիկ են, որոնք ունեն հասարակական ու ֆինանսական աջակցություն, փորձում են ոչ թե դուրս մղել Դաշնակցությանը, այլ առաջարկել այլընտրանքային գործունեություն: Դա արդեն ոչ միայն պարզապես մտահոգում, այլ սպառնալիք է ներշնչում պալեո-դաշնակներին, որոնք որպես գաղափարախոսներ ու քաղաքական գործիչներ սպառվել են: Այս գործընթացներն առաջացել են այն պայմաններում, երբ Դաշնակցությունն այդպես էլ անհրաժեշտ հեղինակությունը չստացավ հայրենիքում եւ ի վիճակի չէ առաջարկել որեւէ լուրջ բան ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ:
Անարդար կլիներ անտեսել այն սոցիալ-տնտեսական պայմանների նշանակությունը, որոնց առկայությամբ կուսակցությունը չկարողացավ մոբիլիզացնել բնակչության հայրենասիրական շերտերին ազգային ռազմավարության հարցերի լուծման գործում: Սակայն ներկայիս ղեկավարների դիրքորոշումը դարձավ այն բանի հիմնական գործոնը, որ Դաշնակցությունը վերածվեց իշխող կուսակցությունների կիսաքրեական կոալիցիայի խղճուկ կցորդի, չկարողանալով ազդել իրադարձությունների ընթացքի եւ ճակատագրական որոշումներ ընդունելու վրա:
Միով բանիվ, եթե Դաշնակցությունը հաջողվի պահպանել որպես քաղաքական կուսակցություն, ցանկացած իշխանություն եւ քաղաքական ուժ հաշվի կնստի նրա կարծիքի ու դիրքորոշման հետ: Սակայն ներկայիս վիճակով այդ կուսակցությունը որպես գործընկեր հետաքրքրում է միայն ծայրահեղ մարգինալ շրջանակներին:
Տվյալ իրավիճակի հետ կապված, Դաշնակցության կողմից խորհրդարանի ու նախագահի ընտրություններին հետաքրքիր ցուցակի ու նախագահի թեկնածուի առաջադրումը կլիներ ոչ այնքան մտածված եւ անիմաստ քայլ, որը կուսակցության առաջնորդները կձգտեն որքան հնարավոր է «թանկ» վաճառել տվյալ քաղաքական գործընթացի արդյունքում:
Դաշնակցությունն ունի իր ֆիքսված, մշտական ընտրազանգվածը, որը շատ կարեւոր է արտաքին ռիսկերի առաջացման պայմաններում, սակայն որն ընդունակ չէ լուրջ արդյունքների հասնել ներքին քաղաքականության մեջ:
Դաշնակցության հնարավոր թեկնածուները՝ Արմեն Ռուստամյանը եւ Վահան Հովհաննիսյանն այդքան էլ հեղինակավոր չեն, որպեսզի պայքարեն նույնիսկ պատգամավորի տեղի համար մեծամասնական ընտրակարգով, չխոսելով արդեն նախագահի ընտրության մասին: Սերժ Սարգսյանն ինչ որ չափով հույս ուներ Դաշնակցության աջակցությանը նախագահի ընտրությունների ժամանակ, եւ այս կուսակցության մասնակցությունն ընտրություններին դիտարկում է որպես իրենից ընտրազանգվածի մի մասին խլելու փորձ, թեեւ դա բացարձակապես այդպես չէ, քանի որ դաշնակցական ընտրողներն իրենց թեկնածուից բացի այլ թեկնածուի օգտին հիմնականում չեն քվեարկի: Եւ ներկայիս ղեկավարների ոչ մի որոշում չի կարող ազդել կուսակցության շարքային անդամների ու կողմնակիցների պահվածքի վրա:
Դաշնակամետ էլեկտորատը Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի միայն մի դեպքում՝ եթե մրցակիցը լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դաշնակների առաջնորդների համար իշխանության մեջ առավել հարմար գործընկերը Ռոբերտ Քոչարյանն է, որի քաղաքական ապագան դեռեւս մնում է անորոշ: Բայց, ինչքան էլ ուժեղանա Ռոբերտ Քոչարյանի դիրքը, այնուհանդերձ նրան պետք է Դաշնակցության հետ համագործակցություն:
Դաշնակները, ի գիտություն ընդունելով, որ Սերժ Սարգսյանի հետ կապված ամեն ինչ դատապարտված է հանրային քննադատության, պախարակման եւ չունի, նույնիսկ, միջնաժամկետ հեռանկար ներքաղաքական ձեւաչափում, փորձում են ամեն կերպ հեռանալ նրանից, եւ կարող է պատահի, դրանում է դաշնակցական կուսակցության պոզիտիվը: Վերջին օրերին, ներքաղաքական պրոցեսների հետ Դաշնակցության համերաշխության համատեքստում, կարելի է ենթադրել համաձայնություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ դաշնակների միջեւ:
Դաշնակցություն կուսակցության գերակշիռ մեծամասնությունը շահագրգռված են, որ ՀՀՇ-ն նորից չգա իշխանության, եւ դրա համար էլ ՀՅԴ լիդերների ցանկացած մերձեցում ՀՀՇ-ի հետ կբերի ՀՅԴ վերջնական պառակտման: Դրա հետ մեկտեղ, Դաշնակցության շարքային անդամներն ավելի են հակվում այն մտքին, որ նպատակահարմար է տապալումը խորհրդարանական ընտրություններում, եւ այդպիսով ստանալ կուսակցության հետագա քաղաքականության եւ կադրերի ընտրության հարցում հեղափոխական մոտեցում դրսեւորելու պահանջի հիմքեր:
Եկել է բոլոր իրական դաշնակցականների ժամանակը, ում համար միեւնույն չէ կուսակցության ճակատագիրը, աջակցություն ցուցաբերել այն ընկերներին, որոնք հանդես են գալիս կուսակցության ղեկավար մարմինները անհապաղ թարմացնելու եւ իրատեսական եւ իրական հեղափոխական ծրագիր ներկայացնելու օգտին: Կուսակցությունը չի կարող դառնալ հարմար եւ հանգիստ ժամանցի հանգրվան: Հենց դա էլ հանդիսանում է այժմ կուսակցության գլխավոր խնդիրը, որը կլինի նրա հետագա գործունեության լոկոմոտիվ: Խոսքը կուսակցությունում ինչ որ տոտալ մաքրումների մասին չէ, այլ ընդամենը 30 ոչ մեկին պետք չեղող կասկածելի բնույթի ֆունկցիոներների հեռացման մասին:
Այժմ ոչ ինտրիգների եւ ոչ էլ արկածախնդրության, այլ կուսակցության ապագայի լրջագույն իմաստավորման ժամանակն է: Ինչ է գտել եւ հայտնաբերել Դաշնակցությունը Հայաստանի խորհրդարանում, բացի ամոթալի, անիմաստ գոյությունից եւ քաղաքական փակուղուց: Այդ իմաստով, խորհրդարանական ընտրություններում ընդհանրապես իմաստ չկա: Հայաստանի ներկայիս իշխանությանը ընդդիմություն է հանդիսանում կուսակցության գերակշիռ մասը Հայաստանում եւ սփյուռքում, որոնք գերադասում են կուսակցության ապագայի մասին խորհրդակցել ոչ թե կուսակցության լիդերների, այլ բոլորովին կողմնակի մարդկանց հետ:
Հնարավոր քաղաքական մանիպուլյացիաները, ինչպես ասենք Ժառանգության կամ առավել եւս ՀՀՇ-ի հետ հնարավոր խաղարկումները, ՀՅԴ համար հանդիսանում են նվազ հեռանկարային եւ փակուղային: Ներկայիս քաղաքական փուլում պառլամենտարիզմը չունի որեւէ իմաստ: Ավելի լավ չէ արդյոք գիտակցել հայկական ազգայնականության իրական խնդիրներն ու ձեռնամուխ լինել ազգայնական քաղաքականության ձեւավորման համար պայքարին, որն, անկասկած, աջակցություն կգտնի հասարակության լայն շերտերում: Ինչու պառլամենտարիզմ խաղալով, արագացնել հեղափոխական կուսակցության մահը:
Հայաստանին պատերազմ է սպասում, ոչ թե պառլամենտական խաղեր: Կուսակցությունը պետք է զբաղվի ժողովրդին պատերազմի պատրաստելով եւ մեր Հայրենիքի հանդեպ ոտնձգություններին հակադարձելով:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: