Tuesday, December 27, 2011

Ո՞վ է սպառնացել «Փարիզյան սուրճի» տնօրենին և ո՞վ է սրճարանի գնորդը

Panorama.am. 27-12-2011- Երեկ երեկոյան Երևանի Աբովյան 23 հասցեում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանում հավաքվել էին տասնյակ քաղաքացիներ՝ սատարելու գործարար, սրճարանի հիմնադիր Վալերի Աշխեն Գործունյանին, ով պատրաստվում է թողնել բիզնեսը և հեռանալ Հայաստանից: Նրանցից մեծ մասը Facebook սոցցանցում բացված «Վալերի Աշխեն Գործունյանին կոչ ենք անում մեզ հետ միասին շարունակել պայքարը» նախաձեռնության անդամներն էին, որոնք՝ «Մի հեռացիր» պաստառներով կարճ բողոքի ակցիա կազմակերպեցին սրճարանի մուտքի մոտ, ապա մտան սրճարան՝ համոզելու գործարարին փոխել մտադրությունը:
Նախաձեռնությանը միացան նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության անդամներ Կարինե Հակոբյանը և Դավիթ Սանասարյանը: Նրանք իրենց զորակցությունը հայտնեցին Վալերի Աշխեն Գործունյանին` խնդրելով գործարարին չհեռանալ: «Շարունակեք պայքարը, պետք չէ հեռանալ, մենք Ձեզ հետ ենք: Մտածում եք, թե մեզ հե՞շտ է այստեղ»,-ասաց Ա.Բախշյանը:
Ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչների, գործարար Գործունյանն ասաց, որ իր որոշումն անսասան է և «մաղթում է թափանցիկ ընտրություններ, որ վերջիվերջո Հայաստանում հաղթանակի արդարությունը»: «Մեզ մոտ՝ Ֆրանսիայում ամեն ինչ այլ է, պետությունը վախենում է ժողովրդից, այնտեղ ամեն ինչ օրինական է: Ես հեռանում եմ՝ ասելով. պարոն պետություն, ես չեմ ենթարկվում Ձեր ճնշումներին: Ես պայքարող մարդ եմ, երևի դա էր պատճառը, որ այսպես ստացվեց»,-ասաց Գործունյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Երևանի քաղաքապետարանից «Փարիզյան սուրճ» սրճարանի ղեկավարությանը պահանջել են ապամոնտաժել մուտքի մոտ գտնվող սրճարանի բացօթյա հատվածը՝ համաձայն նոր քաղաքապետ Տարոն Մարգայանի՝ կրպակներից և ապօրինի շինություններից Աբովյան փողոցը մաքրելու ծրագրի: Գործարարը փորձել է բողոքարկել որոշումը, սակայն ստացել է բացասական պատասխան:
Երեկ երեկոյան գործարար Վալերի Աշխեն Գործունյանը լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, թե խնդիրը ոչ միայն քաղաքապետարանի որոշման մեջ է, այլ նաև Պետեկամուտների կոմիտեի կողմից «ճնշումների»: Աշխեն Վալերի Գործունյանի խոսքով՝ Հայաստանում տնտեսական բիզնես-համակարգը գտնվում է շատ ծանր վիճակում և նա այլևս չի կարող մնալ հայրենիքում: «Ես արել եմ ի՞նչ կարող եմ անել: Ես փոքր մարդ եմ, սուրճի բիզնեսի մեջ էի, եկել էի այն հույսով, որ ես կարող եմ Հայաստանի տնտեսության մեջ իմ ներդրումն ունենալ, բայց եթե տնտեսության կառավարումը և մոտեցումը սխալ է, ես միայնակ չեմ կարող պայքարել այդ ամենի դեմ: Պետությունը պետք է աջակցի իր հարկատուներին: Մենք միասին պետք է բյուջեն լցնենք: Այսինքն` իրենք են ցանկանում դա, բայց եթե խեղդեն մեզ... ոչինչ չենք կարողանա անել», - ասաց գործարարը, հավելելով, որ «բարձր են հարկերը և հաճախակի է հանդիպել չարդարացված տուգանքների»:
«Բիզնեսից քիչ թե շատ գիտակ մարդը կհասկանա, որ Հայաստանի նման փոքր երկրում, որը չունի մեծ տնտեսություն, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այն գրավիչ լինի: Պետք է հարկերն ավելի ցածր լինեն, քան այլ երկրներում, մանավանդ, որ Հայաստանն ունի խնդիրներ իր հարևանների հետ: Պետք է ստեղծեին միջավայր, որը Հայաստանը գրավիչ կաներ, բայց գնալով ամեն ինչ ավելի վատ է դառնում: Մենք չենք տեսնում այդ քաղաքական կամքը, որը իրենք ներկայացնում են, երբ կանչում են սփյուռքահայությանը Հայաստան՝ ներդրում կատարելու: Բայց թե ի՞նչ եք անում այդ սփյուռքահայության համար, որ մենք մնանք այստեղ», - ասաց նա, հավելելով, որ պետությունը պետք է այնպես անի, որ սփյուռքը ցանկանա միասին զարգացնել Հայաստանում բիզնես ոլորտը:
Անդրադառնալով հարկային մարմինների կողմից հաշվարկված տուգանքներին, գործարարն ասաց, թե դրանք գոյացել են ավելացված արժեքի հարկի ոչ ճիշտ հաշվառումից: «Ունեի հաշվապահական մի ֆիրմա, որն աշխատում էր այստեղ: Ես հաշվապահ չեմ, ու վստահեցի: Իսկ հարկայինն եկավ, ու տեսավ, որ սխալներ են: Բայց ո՞վ է մեղավոր, ե՞ս, թե՝ իմ հաշվապահը: Եվ ես ոչ մի բան չկարողացա անեի այդ հաշվապահական ֆիրմայի հետ, որը շատ կասկածելի էր: Հարկայինը եկավ ու ինձ պատժեց, իսկ այդ ֆիրման ոչինչ չունեցավ», - ասաց «Փարիզյան սուրճի» տնօրենը, հավելելով, որ շատ երկար է մտածել Հայաստանից հեռանալու որոշման մասին: «Մտածել եմ իմ հոգեկան վիճակի մասին, թե ինչ պետք է լինի ինձ հետ: Ընտրել եմ այդ որոշումը, որը, ինձ թվում է, ամենապակասը ցավ պետք է պատճառի ինձ: Ես չեմ կարող այսօր իմ երկու տղաներին ստիպեմ, որ գան Հայաստան և աշխատեն այսպիսի բիզնես միջավայրում», - հայտնեց Գործունյանը, հավելելով, որ նեղացած է միայն պետությունից, այլ ոչ թե ժողովրդից:
Ըստ նրա, ՊԵԿ-ը պահանջում է վճարել 80 միլիոն դրամի տուգանք:
Panorama-ի լրագրողի խնդրանքով պարզաբանելով, թե արդյոք սպառնալիքներ եղել են, սփյուռքահայ գործարարն ասաց. «Ձեզ թվում է, որ 16 տարվա ընթացքում նման երևույթներ չե՞ն եղել: Ճնշումներ եղել են, և արդարադատությունից, և հարկայինից: Բայց հիմա, ինձ թվում է, ամեն ինչ հանգիստ է, երևի մի քիչ մարդավարի են արդեն: Սպառնալիքներն այն են, երբ դու սփյուռքահայ ես, և լավ ծանոթ չես արդարադատությանը և հարկային օրենքների, գալիս են և փորձում են քեզ հոգեբանորեն վախեցնել», - ասաց նա: Միաժամանակ, «Փարիզյան սուրճի» տնօրենը հրաժարվեց մանրամասնել, թե մասնավորապես ո՞վ է իրեն վախեցրել, հերքելով նաև այն խոսակցությունները, թե «Փարիզյան սուրճի» վրա «աչք են դրել» պաշտոնյաներ կամ նրանց բարեկամները: «Ես կարող եմ ձեզ 100 տոկոսով վստահեցնել, որ նման բան չկա», -ասաց Գործունյանը:
Ի դեպ, սեփականատերը սկզբում հայտնեց, որ սպառնալիքների հետ կապված մի քանի անգամ դիմել էր ոստիկանություն, բայց որևէ ընթացք իր բողոքները չեն ստացել, սակայն մի քանի րոպե անց՝ հերքեց իր հայտարարությունը: «Օ՜, քանի անգամ եմ դիմել: Գործերը հարուցվել են, այդքանը գիտեմ: Ոստիկանությունը փորձել է աջակցել: Բայց հաճախակի վերջացել է առանց որևէ բանի»,- ասաց նա: Երբ լրագրողը հարցրեց, թե, իր կարծիքով, ի՞նչու բողոքներին ոստիկանության կողմից ընթացք չի տրվել, նա ասաց. «Ի՞նչ ընթացք: Ինչի՞ համար»,- շփոթված տնօրենին օգնության հասավ իր աշխատակիցը, «բացատրելով», թե խոսքը գնում էր նախկին աշխատակիցների կողմից թույլ տված որոշ զանցանքների մասին:

Գործունյանի խոսքով, այսօր արդեն կան սրճարանի գնորդներ, որոնք կպահեն «Փարիզյան սուրճի» ավանդական ոգին: Նա հապաղեց պատասխանել լրագրողի հարցին, թե ով է նոր սեփականատերը, ասելով միայն «Ինչ որ մարդիկ են: Կարևոր չէ, ով է: Կարող եմ միայն ասել, որ նրանք չեն, ով աչք էր դրել սրճարանի վրա, և ես շատ ուրախ եմ»:

Նշենք, որ 2011 թվականի մարտին լրատվամիջոցներից մեկին Աշխեն Վալերի Գործունյան հայտարարել էր, թե իրեն սպառնում է ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը: Ըստ տեղ գտած հրապարակումների՝ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր հետևյալ գրառումը. «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ տիկիններ, ինձ պես մի եղեք», – գրել էր «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի Աշխեն Գործունյանը: Կարճ ժամանակ անց տողերն անհետացել են: Վալերի Աշխեն Գործունյանն ասել էր, որ ձեռնպահ է մնում դեպքի մասին իրավապահ մարմիններին հաղորդելուց. «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ուրիշ ոչ մի բան: Ես չեմ ուզում, որ Հայաստանում նրա պես երեսփոխան լինի»,-հայտարարել էր նա: Գործունյանը, վստահցնելով, թե «Փարիզյան սուրճը» հազիվ էր դուրս եկել իր դժվար վիճակից և «չի ուզում Զորիկ Զոհրաբյանի պատճառով իր բիզնեսը փակել»:

No comments: