Monday, December 26, 2011

Քաղաքագետ. «Մի քիչ զուսպ եղեք. մի մոռացեք, որ դեռ պետք է Ֆրանսիսայի Սենատը և նախագահը որոշեն»

Panorama.am. 26-12-2011- «Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումով` Եվրամիությունում Փարիզի նախաձեռնությամբ այդ միջազգային կառույցին Թուրքիայի անդամության դեմ նոր ալիք կսկսվի», - այսօր ասուլիսին կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Ըստ բանախոսի` պաշտոնական Անկարայի կողմից օրինագծի շուրջ ստեղծված իրարանցումը և հնչող սպառնալիքները կարելի է որակել նաև որպես Հայոց ցեղասպանության փաստի ընդունում և միաժամանակ` հակազդեցություն:
«Սա թուրքական գործելաոճ է: Ֆրանսիացիներն էլ կարկամել են, քանի որ Թուրքիան մատնանշում է Ալժիրի դեպքերը: Բայց չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան, ինչպես և Մեծ Բրիտանիան, եղել է գաղութատեր երկիր, և ոչ թե զավթել է տարածքները, այլ ենթարկել ` ներմուծելով եվրոպական քաղաքակրթություն, իսկ ապագայում նաև` նպաստելով պետականության ձևավորմանը: Ֆրանսիացիները երբեք ոչ մի մզկիթ եկեղեցի չեն դարձրել, իսկ ցույց տվեք Թուրքիայում որևէ մզկիթ, որ նախկինում եկեղեցի չի եղել», - ասաց քաղաքագետը` շեշտելով, որ Ֆրանսիան եվրոպական արժեքների կրող և պահպանող երկիր է:
«Նման օրենքից խուսափելու դեպքում եվրոպական որևէ երկիր կարող է դառնալ պատասխանատու նոր էթնիկ զտումների համար: Եթե փոխհատուցում չլինի, նման գիշատիչները նույն կերպ կվարվեն», - հավելեց բանախոսը:
Միաժամանակ քաղաքագետը խորհուրդ տվեց հայությանը մի քիչ զուսպ լինել Ֆրանսիայի Ազգային ժողովին շնորհակալություն հայտնելու հարցում:
«Քիչ է մնում խորհրդային տարիների նման ամեն մի կոլխոզ մի շնորհակալական նամակ գրի: Մի քիչ զուսպ եղեք, մի մոռացեք, որ դեռ պետք է Սենատը և նախագահը որոշեն», - եզրափակեց Լ.Շիրինյանը` հիշեցնելով 1921 թվականը, երբ Ֆրանսիայի հովանու ներքո պետք է ստեղծվեր Կիլիկիայի ինքնավարությունը, որը մեծ հրճվանք առաջացրեց հայության մոտ, սակայն մի քանի ամսից ֆրանսիացիները լուռ ու մունջ հանձնեցին այն թուրքերին` բախտի քմահաճույքին թողնելով Կիլիկիայի ողջ հայությանը:

No comments: