Thursday, December 29, 2011

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը փակվի

Tert.am. 28-12-2011- ԱՄՆ-ի ռազմածովային հինգերորդ նավատորմի հրամանատարությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ թույլ չի տա որ Հորմուզի նեղուցի նավագնացությունը խաթարվի: Այս մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Նախօրեին, Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռախիմին հայտարարել էր, որ Իրանը կարգելափակի նավթի լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ կիրառեն իրանական նավթի արտահանման դեմ:
«Հորմուզի նեղուցով բեռների և ծառայությունների ազատ ընթացքը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի և համաշխարհային բարեկեցության համար: Յուրաքանչյուրը, ով սպառնում է նեղուցի միջազգային ջրերում ազատ նավագնացությանը, հակադրվում է միջազգային հանրությանը: Նավագնացությանը որևէ խոչընդոտ չի թույլ տրվի», - ասվում է 5-րդ նավատորմի հայտարարության մեջ:
Իրանի փոխնախագահն իր հերթին նշել է, որ իր երկիրը տրամադրված է մյուս երկրների հետ միայն բարեկամական հարաբերություններ հաստատելուն, սակայն Արևմուտքը շարունակում են ճնշումներ գործադրել Իրանի վրա, և եթե արևմտյան երկրները չդադարեցնեն իրենց արտաքին քաղաքականությունն ընդդեմ Իրանի, ապա իրենք ստիպված կլինեն կոշտ պատասխան տալ:
Դրան իպատասխան` եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ Եվրոմիությունը մտադիր չէ հետ կանգնել Իրանի հանդեպ պատժամիջոցներից:
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցուվ է անցնում նավթի համաշխարհային տարհանման հիմնական ճանապարհը: Այն Պարսից ծոցի ամենանեղ մասն է, որի լայնությունն ընդամենը 6 կիլոմետր է: Հորմուզի նեղուցի փակումը կհանգեցնի համաշխարհային շուկաներում նավթի դեֆիցիտի և նավթամթերքի գների բարձրացման:
ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը տեղակայված է Բահրեյնի տարածքում, և մարտական հերթապահություն է իրականացնում Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ջրերում` ապահովելով հիմնական նավթային հաղորդակցության անվտանգությունը:

No comments: