Thursday, December 29, 2011

Բոսնիացի սերբերի առաջնորդը հայտարարել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու իր մտադրության մասին

News.am. 28-12-2011- Բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորառ Դոդիկը հայտարարել է, որ մտադիր է օրենքով արգելել Բոսնիայում Հայոց ցեղասպանության ժխտումը:
Ինչպես հաղորդում է «Ազատությունը»` վկայակոչելով AFP-ն, Սերբական հանրապետության (այն իր մեջ ներառում է Բոսնիայի եւ Հերցոգովինայի սերբերով բնակեցված տարածքները), ղեկավարը երեկ հայտարարել է, որ իր կուսակցությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
«Մենք ցանկանում ենք մտնել քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մոտ օրերս մենք օրինագիծ կներկայացնենք կենտրոնական խորհրդարանի քննարկմանը»,-ասել է Դոդիկը:
Նա նաեւ ընդգծել է, որ «հայերի նկատմամբ, անկասկած, ցեղասպանություն է իրականացվել եւ 1,5 մլն մարդ է մահացել»:
Նա նաեւ հերքել է, որ Բոսնիա եւ Հերցոգովինայի Սրեբրենիցա քաղաքում 1995-ի հուլիսի 11-ին տեղի ունեցած ջարդերը կարելի է որակել որպես ցեղասպանություն:
Նշենք, որ ՄԱԿ-ի միջազդային դատարանի որոշմամբ, Սրեբրենիցայում տեղի ունեցածը որակվել է որպես ցեղասպանություն:

No comments: