Sunday, December 25, 2011

Կաթոլիկ աշխարհն այսօր կտոնի Հիսուս Քրիստոսի ծնունդը. հայ կաթոլիկներն անմասն չեն մնա տոնակատարությունից

Երեկ կեսգիշերին կաթոլիկ աշխարհը կտոնի Հիսուս Քրիստոսի ծնունդը: «Քրիստոս ծնվավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի», այս խոսքերով այսօր իրար կշնորհավորեն աշխարհի ավելի քան 1.15 մլրդ կաթոլիկ հավատացյալներ: Հայ կաթողիկե եկեղեցու շուրջ 150 000 հետևորդների համար Հայաստանում նույնպես տոնը կսկսվի ճրագալույցի արարողությամբ:
Tert.am-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ Հայր Ներսես Գալստյանը նշեց, որ ավանդույթի համաձայն, հավատացյալները ճրագալույցից հետո կմասնակցեն պատարագին, որից հետո մոմերը տուն տանելով, որը խորհրդանշում է Քրիստոսի լույս աշխարհ գալը, կարող են արդեն տոնել Սուրբ Ծնունդը: Իսկ առավոտյան կանցկացվի Սուրբ Ծննդյան պատարագ:
«Եկեղեցական արարողությունից հետո հավատացյալները արդեն տոնը կշարունակեն սեղանների շուրջ: Օրինակ` մենք ընտանիքով, հարազատներով կհավաքվենք, կճաշենք, ձուկ, գինի կհամտեսենք, միմյանց նվերներ կտանք»,- ասաց նա:
Կաթոլիկները` Հայր Ներսեսի խոսքերով` Հիսուսի ծնունդը տոնում են հունվարի 25-ին, իսկ հունվարի 6-ը արդեն նշում որպես աստվածահայտնության տոն: Չնայած դրան նա ավելացնում է, որ լինելով հայ կաթոլիկներ, իրենք նույնպես հունվարի 5-ին կլինեն Էջմիածնում և Հայ Առաքելական եկեղեցու հետ ևս մեկ անգամ մասնակից կդառնան տոնակատարությանը:
«Կաթոլիկ եկեղեցին Հիսուսի ծնունդը սկսեց տոնել հունվարի 25-ին, քանի որ հեթանոսական շրջանում այդ օրը Արևի աստծո տոնն էր, և նպատակն էր որպեսզի մարդիկ մոռանային հեթանոս աստվածներին»,- ասաց Հայր Ներսեսը և ավելացրեց, որ նախկինում բոլոր եկեղեցիները տոնում էին հունվարի 6-ին, սակայն թե կոնկրետ ո՞ր օրն է ծնվել Հիսուսը, ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել: «Տարբեր օրեր տոնելով Սուրբ Ծնունդը, ըստ էության քրիստոնեկան արժեքներում փոփոխություններ չեն լինում: Սա ընդամենը ծիսական տարբերություն է և ոչ թե դավանաբանական»,- նշեց նա:
Ի դեպ, կաթոլիկ քահանան նկատեց, որ չնայած որ ամբողջ աշխարհում Սուրբ Ծնունդն է տոնվում ավելի շքեղ, հայերը հատկապես կոմունիստական տարիներից հետո ավելի շքեղ պատրաստվում են Նոր Տարուն:

No comments: