Sunday, December 25, 2011

Տարածաշրջանային խճանկար կամ ինչո՞ւ Ահմադինեժադը հիմա եկավ Հայաստան

Zham.am. 24-12-2011- Երեկ Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան մի տեսակ աննկատ անցավ: Զուտ պաշտոնական հաղորդագրություններից այն կողմ մեկնաբանություններ գրեթե չեղան, չնայած Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան մի շարք հետաքրքիր դիտարկումների տեղիք է տալիս, հատկապես տարածաշրջանային համատեքստում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ-իրանական հարաբերությունների սերտացումը պայմանավորված է ոչ միայն զուտ հարևան երկրների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու բնականոն գործընթացներով, այլև տարածաշրջանային իրավիճակի շատ բարդ խճանկարով:

Խնդիրն այն է, որ Իրանի նախագահը Հայաստան ժամանեց հենց այն ժամանակ, երբ խիստ սրվել են Իրան-Արևմուտք (նաև Իսրայել) հարաբերությունները (հունիսին այցը հետաձգվեց): Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի վերջերս հրապարակած զեկույցից հետո ինտենսիվացել են կանխատեսումները, որ ԱՄՆ-ը կամ արևմուտքի աջակցությամբ Իսրայելը կարող է հարձակում գործել Իրանի վրա: Սակայն, բնականաբար, Իրանը ևս ձեռքերը ծալած նստած չէ, սակայն ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում փոխվում է, քանի որ Սիրիայի Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման դեպքում Իրանը կկորցնի Մերձավոր Արևելքում իր ամենակարևոր գործընկերոջը: Այս պարագայում Իրանի դիրքերը բավականին կթուլանան և նրա հակահարվածը ադեկվատ չի լինի:

Ավելին, Սիրիայի ներքաղաքական իրավիճակի շուրջ տարբեր տեսակետները, Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակապաշտպանական ռադարների տեղակայումը որոշակի սառնություն են մտցրել նաև թուրք-իրանական հարաբերություններում: Ադրբեջան-Իրան հարաբերություններում էլ արդեն իսկ երկար ժամանակ է, ինչ լարվածությունը չի թուլանում: Ադրբեջանի ղեկավարության կողմից իսլամի`որպես քաղաքական գործոն ճնշելու փորձերը, Իրանի հոգևորականների` նախագահ Իլհամ Ալիևին տապալելու անհրաժեշտության վերաբերյալ բացահայտ հայտարարությունները չէին կարող չանդրադառնալ ադրբեջանա-իրանական գործընկերության վրա: Իսկ էներգետիկ անվտանգության ոլորտում Արևմուտքի փորձը Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման միջոցով իր ներկայությունը ամրապնդել կասպյան տարածաշրջանում, Իրանի համար լուրջ խնդիրներ է առաջացնում ու մեկուսացման նոր պատճառ դառնում:

Արդյունքում թուրք-իրանա-ադրբեջանական համագործակցության խորացումը տնտեսական ոլորտում և համատեղ ծրագրերի իրագործմանն հավանականությունը միանշանակ չէ: Հետևաբար այս պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը Իրանի համար մեկուսացման տանող այս բարդ ու փակ շղթայից դուրս գալու տարբերակ է: Հայ-իրանական հարաբերություններում որոշ իներտություն էր առաջացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված, որի արդյունքում էլ ավելի կարող էր ուժեղանալ ոչ միայն Թուրքիայի, այլև Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում:

Սակայն այժմ հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կրկին ընթանում է նորմալ հունով, հատկապես, որ սերտ համագործակցությամբ երկու կողմերն էլ հավասարապես շահագրգռված են: Երկու կողմից շրջափակված Հայաստանը ոչ միայն էներգետիկ առումով կախվածություն ունի Իրանից, այլև Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի ներկայիս կառուցողական դիրքորոշումը դարձնում է նրան Հայաստանի բնական դաշնակից: Մահմուդ Ահմադինեժադի վերջին այցելության ժամանակ կարևոր էին հատկապես Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի եւ նավթամթերքի խողովակաշարի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող մանրամասների քննարկումն ու ձեռք բերված համաձայնությունները: Սրանցից զատ մի շատ ուշագրավ ու դեռևս չբացահատված բովանդակությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը ենթադրում է «օժանդակություն Իրանի կողմից Հայաստանի Հանրապետությանը` զարգացման համար»:

Դեռևս այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նախատեսում այս հուշագիրը, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանային բնական դաշնակիցներ դարձած Հայաստանը ու Իրանը փորձում են համատեղ դիմակայել իրավիճակին: Հատկապես, որ Արևմուտքը ուզի չուզի պիտի համակերպվի այս համագործակցության հետ: Ի դեպ այն, որ Ռուսաստանը մի շարք հարցերում ունի նույն մտահոգությունները, ինչ Իրանը (Սիրիա, էներգետիկ անվտանգություն), մի շարք մասնագետների թույլ է տվել խոսել Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքով շատ սերտ համագործակցության ի հայտ գալու հավանականության մասին:

Աստղիկ Խաչատրյան

No comments: