Friday, December 30, 2011

Երկու տեսակ

«Լրագիր» 30-12-2011- Լուսանկարում երկու մարդ են, որոնք բնորոշում են մարդու երկու տեսակ: Առաջինը՝ Մարիամ Սուխուդյանը, կռիվ է տալիս սեփական երկրի բնաշխարհը, քաղաքացուն, կենսամիջավայրը, այսինքն՝ երկրի ապագան պաշտպանելու համար:
Մարիամը եւ նրա ընկերները կռիվ են տալիս Հայաստանի ամեն մի քարի, գետակի, ծառի համար: Կռիվ են տալիս իրենց առողջության, գրեթե իրենց կյանքի գնով, գիշերելով, կենդանի օղակ կազմելով այն ամենի շուրջ, ինչը դատապարտվում է ոչնչացման:
Մարիամն ու իր ընկերներն այսօր էլ բողոքի ցույց են արել ՀՀ կառավարության եւ նախագահի նստավայրի մոտ, պահանջելով վերջ տալ բնության ու մարդկանց ավերները:
Երկրորդ տեսակը, ի դեմս Վարդան Այվազյանի՝ բնապահպանության նախկին նախարարի եւ ԱԺ հանձնաժողովի ներկայիս նախագահի, հանքավայրերի «օրենսդրի», Հայաստանի ողջ ռեսուրսը փաստացի ծառայեցնում է անձնական ու խմբակային շահերի: Նրանք՝ հանքատեր-պաշտոնյաները, նրանց մերձավորները, Հայաստանի հարստության հաշվին կուտակում են ահռելի անձնական կարողություն, վարում են շքեղ մեքենաներ, հանգստանում ամենաթանկ հանգստավայրերում:
Այդ բարեկեցությանը հասնելու համար, Հայաստանի բնական հարստությունը փաստացի մսխվում է ամենաայլանդակ մեթոդներով. երկիրն անապատանում է, տեղահանման վտանգի տակ են ամբողջական բնակավայրեր՝ Հրազդանը, Թեղուտը, Քաջարանը, բնական պաշարների ոլորտը վեր է ածվել ստվերի, կոռուպցիայի եւ մարդկային ամենաայլանդակ դրսեւորումների «կենտրոնի»: Հիմա էլ օրենք է ընդունվել, որը փաստացի ավելի է հեշտացնելու այս ամենը:
Հանքերով երկիր չես պահի, մանավանդ այնպիսի մեթոդներով, ինչպես Հայաստանում: Դրա վերջը լինում է այն, ինչ եղավ, օրինակ, Ռուանդայում, որտեղ մինչ ցեղասպանությունը կատարվում էր նույնը, ինչ Հայաստանում:
Ահա թե ինչի դեմ են պայքարում Մարիամն ու իր ընկերները՝ ակտիվ, խիզախ, երկրի իսկական քաղաքացիները: Նրանք պայքարում են մեր երկրի ապագայի համար: Աստված ուժ ու կորով տա նրանց, եւ մի քիչ էլ շարժի հարստությունից ու ամենաթողությունից լկտիացած «էլիտայի» գործունեությունից հուսահատ դարձած Հայաստանի հասարակության թմբիրը: Որովհետեւ եթե Մարիամն ու իր ընկերները չհաղթեն, պարտվելու է Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը:
Հայկ Արամյան

No comments: