Tuesday, December 27, 2011

Դեսպան. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի ակնկալիքները ներկայացվել են Վիլնյուսում

News.am. 27-12-2011- Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի ակնկալիքները ներկայացվել են դեկտեմբերի 6 -ին Վիլնյուսում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Պատասխանելով ներկա իրավիճակի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից ակնկալիքների մասին հարցին, ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում` Ֆրանսիան, ակնկալում են, որ կողմերը համաձայնության կգան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքերի շուրջ:
Անրի Ռենոն նաեւ նշեց, որ 2012 թ-ին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին կփոխարինի Ժակ Ֆորը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ակնկալիքներին, ապա դրանք ներկայացվել են դեկտեմբերի 6 -ին Վիլնյուսում` եկել է որոշումներ գտնելու ժամանակը, այլընտրանք չկա: 2011թ. մարտին Սոչիի հանդիպման արդյունքներով նախագահներ Սարգսյանի, Ալիեւի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարության համաձայն` կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պետք է սկսեին շփման գծում միջադեպերի հետաքննությունը եւ այդպիսով քայլեր ձեռնարկեին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ընդգծեց դեսպանը:
2011թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիտի շրջանակներում ընդունվել էր հնգակողմ հայտարարություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

No comments: