Tuesday, January 31, 2012

Եթե Ֆրանսիան հարգում է իրեն, պետք է դուրս գա Մինսկի խմբի կազմից. թուրք դեսպան

Tert.am. 30-1-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան ցույց տվեց իր անարդար դիրքորոշումը։ Այս մասին, ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20–ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըչը։ Թուրք դեսպանը հավելել է, թե պաշտոնական Փարիզն այժմ ոչ թե միջնորդ է (ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում), այլ «հակամարտող երկրներից մեկին աջակցող կողմ»։ «Իսկ դա անթույլատրելի է անկացած միջնորդական դիվանագիտությունում»,–ընդգծել է նա։ Դեսպանը նշել է, թե մոտ ժամանակներս Թուրքիան ԵԱՀԿ–ի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում բարձրացնելու է միջնորդական առաքելության կազմում Ֆրանսիայի գործունեության դադարեցման հարցը։ «Մենք աշխատանք ենք տանելու այդ ուղղությամբ։ Եթե Ֆրանսիան հարգում է իրեն, պետք է ինքը մտածի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից դուրս գալու մասին»,– ընդգծել է նա։ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22–ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։

No comments: