Tuesday, January 31, 2012

Ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումը քաղաքական առումով չմտածված քայլ էր. Ալեքսեյ Վլասով

Tert.am. 31-1-2012- Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Վլասովն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, հայտարարել է, թե դա «քաղաքական առումով չմտածված քայլ էր»։ «Այդ քայլը քաղաքականապես չմտածված էր։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշումը (վերոնշյալ օրինագծի ընդունմանն անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե իբր ԱՄՆ–ն երբեք չի շարժվելու «ազատ խոսքի համար պատիժ սահմանելու ուղով»- Tert.am) ևս ցույց տվեց, որ Ֆրանսիայի դաշնակիցները չեն կիսում նրա այդ դիրքորոշումը։ Ֆրանսիայի Սենատի այդ որոշումը նախ բացասաբար է ազդելու թուրք–հայկական բանակցությունների վրա, իրադրությունը սրվելու է։ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները դեռ չեն վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից։ Բացի այդ, այն սրելու է իրադրությունը Հարավային Կովկասում, հատկապես, ԼՂ հակամարտության շուրջ իրադրությունը։ Այժմ նման քայլի ժամանակը չէ, քանի որ բոլորին հայտնի է, որ Բաքուն պաշտպանելու է Անկարայի դիրքորոշումը,–ասել է Վլասովը և հավելել,–Եվրոպայի դիրքորոշումն այդ հարցում միանշանական չէ։ Ամենայն հավանականությամբ, դա Սարկոզիի ծրագիրն էր....։ Իմ կարծիքով՝ որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե Սարկոզին ինչու դիմեց այդ քայլին»։ Ռուսական Вестник Кавказа լրատվական–վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Վլասովն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիան պետք է դադարեցնի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ «Եթե նայենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնատար անձանց հայտարարություններին, ապա դրանք այն մասին էին, թե Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կորցրել է օբյեկտիվության և չեզոքության կարգավիճակը։ Դրանում որոշակի տրամաբանություն կա, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ խնդրով զբաղվող միակ մեխանիզմը չէ։ Վերջնական դիրքորոշում արտահայտելու համար անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել Մինսկի խմբի բոլոր անդամների հետ։ Էմոցիոնալ արձագանքն այդ հարցում պետք է բացառվի։ Ադրբեջանական կողմը նախապես խետք է հաշվարկի, թե ինչի կհանգեցնի Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրս բերումը։ Բաքուն միանշանակ պաշտպանում է Անկարայի դիրքորոշումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիային հանելու հարցը, սակայն, քայլ է, որի հետևանքները պետք է նախապես հաշվարկվեն։ Վերցնենք՝ Ֆրանսիան դադարեցրեց իր գործունեությունը Մինսկի խմբի կազմում հարց է առաջանում՝ ով է փոխարինելու նրան՝ Իսպանիա՞ն, Մեծ Բրիտանիա՞ն, թե՞ Գերմանիան։ Այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմը նախքան նման քայլի դիմելը, պետք է մտածի հետևանքների մասին»,–ասել է վերլուծաբանը։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

No comments: