Tuesday, January 31, 2012

«Ո՞վ է ավելի լավ»

«Լրագիր» 31-1-2012- Թերեւս, կոալիցիոն կուսակցությունների հանդիպումից տպավորություններն այնքան մռայլ էին, որ ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ Օրինաց երկիրը որոշել են չկիսվել մանրամասնություններով: Չնայած, ինչ կա կիսվելու, եթե բանակցություններն ընդհանուր ոչինչ չունեն հասարակության շահի հետ, որի համար միեւնույն է, թե ինչ համամասնությամբ կբաժանվեն խորհրդարանական տեղերը հանրապետականների եւ Բարգավաճ Հայաստանի միջեւ: Սակայն լռությունն իսկապես ծանր է դառնում, եւ դա խոսում է այն մասին, որ նիստի ընթացքում պայմանավորվածություններ, ըստ երեւույթին, ձեռք չեն բերվել: Իսկ կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները վկայում են, որ ԲՀԿ-ն մտադիր չէ հրաժարվել իշխանական լծակներից եւ իրեն ընդդիմություն հայտարարել: ԲՀԿ-ն չի կարող իրեն ընդդիմություն հայտարարել, որովհետեւ իրեն իշխանություն է համարում: Երեկ ու՞մ նախաձեռնությամբ է հանդիպումը տեղի ունեցել: Արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձել է պարզել Սերժ Սարգսյանից, թե ինչի հետ են կապված իր կուսակիցների ձերբակալությունները: Թե՞ Սերժ Սարգսյանը ցանկանում էր հասկանալ, թե բացի Վարդան Օսկանյանից, ովքեր կմտնեն ԲՀԿ ցուցակ: Իսկ գուցե ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն պարզապես ցանկացել են պարզաբանել, թե իրենցից իրականում ով է «փուչիկ», որը շուտով կպայթի (հիշեցնենք, որ երեկ 2 կուսակցությունների պատգամավորները միմյանց փուչիկ էին անվանում): Նիստից հետո լռությունը խոսում է այն մասին, որ 2 կուսակցություններն էլ կարող են մեղադրվել այն բանում, որ չափից դուրս փչվել են եւ ընդհանրապես բանի տեղ չեն դնում հասարակական կարծիքը: Չնայած հենց այդ միտքը կորոշի, թե ինչքան ամուր են փուչիկները եւ արժե նրանց վստահել: ՀՀԿ-ԲՀԿ «փոխհրաձգության» նկատմամբ հասարակության արձագանքի բացակայությունը, ինչպես նաեւ այն, որ աջակցություն չի հայտվել կուսակցություններից ոչ մեկին, վկայում է, որ հասարակությունը չի ընդունում ներկայիս համակարգը: Դա, թերեւս, լավագույն հասարակական գնահատականն է՝ Հայաստանում քննարկում չկա՝ հանրապետականներն են լավը, թե ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը: Նաիրա Հայրումյան

No comments: