Մեր զրուցակիցն է “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը
-Պարոն Չուգասզյան, թեև նախընտրական ժամանակաշրջան է, սակայն շատ ավելի հանդարտ փուլ ենք թևակոխել: “Սարդարապատ” նախաձեռնությունն էլ կոչ է անում չմասնակցել ընտրություններին` պատճառաբանությամբ, որ արժանապատիվ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն արժանապատիվ իշխանություն ունենալու դեպքում: Ի վերջո ի՞նչ պրոցեսներ են:
-Երկու խոսքով կարելի է շատ պարզ բնութագրել պրոցեսները. մի կողմից խորանում է “իշխանության” և ժողովրդի միջև ճեղքվածը, “իշխանության” կամ ավելի ճիշտ “ադմինիստրացիայի” օտարացումը ժողովրդից: Օտարանում են ոչ միայն իշխանությունը և ժողովուրդը, այլև մարդիկ իրենց երկրից, իրենց ամենաբնական վիճակից են օտարվում, ինչը հանգեցնում է արտագաղթի և ամենածայրահեղ պատկերների: Օտարացման ծայրահեղ հիվանդագին օրինակ էր, երբ անցյալ տարի մայրն իր երեխաներին կախեց: Այսինքն`մենք գործ ունենք հասարակական խորացող հիվանդության հետ: Իսկ քաղաքական դաշտ կոչվածը, կտրվելով իր արմատից` ժողովրդից, սկսում է չորանալ և ֆիկտիվ դառնալ: Ընտրական դասական պրոցեսներն ավելի ու ավելի ֆիկտիվ են դառնում, քանի որ կապ չունեն սեփական ժողովրդի խնդիրների հետ, հետադարձ կապ գոյություն չունի ժողովրդի պահանջների, խնդիրների և այն մարդկանց միջև, ովքեր որոշում կայացնելու լծակներ ունեն այս երկրում: Այսպիսով, իշխանությունը օտարանում է ժողովրդից, ժողովուրդը օտարանում է իշխանությունից և ինքն իրենից:
Սրան զուգահեռ` տեղի է ունենում մեկ ուրիշ պրոցես: Հասարակության մեջ առաջանում է բնազդային իմունային համակարգի ակտիվացում, ինչն արտահայտվում է տարբեր ձևերով: Ժողովրդի միջից առաջանում են դիմադրական խմբեր, որոնք այս կամ այն հարցի շուրջ սկսում են հասարակական նախաձեռնություններ ստեղծել: Անցյալ տարի ամենաակտիվը բնապահպանականն էր, կար դիմադրություն այն որոշումներին, որոնք կայացվել էին Թեղուտի, Թռչկանի և այլ հարցերում: Մեկ ուրիշ տեղ բանակային խնդիրների հետ կապված կար դիմադրություն, ինչպես նաև մշակութային ժառանգության, լեզվի հետ կապված հարցերում նույնպես կար դիմադրություն: Մարդիկ տեր էին կանգնում իրենց իրավունքներին` արժանապատվությանը, ինքնությանը, սեփականությանը և այլն:
Եվ ահա հասարակական մարմնում առկա են երկու, իրար հակադիր շարժումներ. մի կողմից «քաղաքական» պրոցեսը, որը չորանում է, իսկ մյուս կողմից քաղաքացիական պրոցեսը, որը ակտիվանում է: Եթե նայենք 2011-ին, կտեսնենք, որ եթե Հայաստանում քաղաքական ակտիվությունը բարձր էր գարնանը, ապա տարվա վերջում իջավ, գրեթե մարեց, բայց քաղաքացիական ակտիվությունը, ընդհակառակը, աշխուժացավ: Այսինքն` հասարակական դինամիկայի այս երկու հակասական հետագծերը ցույց են տալիս, որ հասարակությունն ամենևին էլ հանդարտ փուլի մեջ չէ: Ժողովուրդը ոչ թե ապաքաղաքականացել է, այլ փորձում է նոր հուն գտնել ակտիվության համար, և փնտրտուքների մեջ է: Այն դեռևս արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնություններով, բայց դա սոցիալական այն էներգիան է, որն ամենակենսունակ, ամենաառողջ նշաններն է ցույց տալիս հասարակության կենդանության և դիմադրության առումով:
-Այդ նույն էներգիան ի՞նչ կարող է անել ընտրություններին, երբ քաղաքացիական նախաձեռնությունների շատ ակտիվիստներ քաղաքականությունից դուրս են իրենց գործողությունները դիտարկում:
-Կարծում եմ`այստեղ կա թյուրըմբռնում: Իրականում գնում է իրական նոր քաղաքական դաշտի ձևավորման պրոցես: Բնական է, այդ առողջ ուժը չի ուզում իրեն տեսնել կեղծ պրոցեսների մեջ, որոնք կապված են ընտրության հետ: Եվ այդ պրոցեսները բնականից իրեն հետաքրքիր չեն, ինքը հասկանում է, որ այդտեղ անելիք չունի, որովհետև դա կեղծ քաղաքական դաշտ է: Իրականում քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները պայքարում են որոշումների կայացման որոշակի ձևերի դեմ: Եվ բոլոր բողոքի ձևերն ուղղված են իրենց ձայնը լսելի դարձնելուն և որոշումների վրա ազդելուն, լինի Թռչկանի նման մասնավոր դեպք, լեզվի օրենքի ընդունման կամ մեկ ուրիշ հարց, այս իմաստով դրանք չեն կարող լինել ապաքաղաքական: Որոշ մարդիկ բաժանում են քաղաքացիականը քաղաքականից մի այնպիսի պատով, որ իբր թե սրանց միջև անթափանց պատ է: Իհարկե, քաղաքացիական պրոցեսները կապված են քաղաքականի հետ, քանի որ ցույց են տալիս, որ մարդիկ ուզում ես ազդել որոշումների կայացման վրա: Տեսեք ինչքան «թռչկաններ» կան, որոնք հետևանք են որոշակի քաղաքական սկզբունքների: Մենք ունենք 400 հանք, և շատ կարևոր է կոնկրետ պայքարը ամեն կոնկրետ դեպքի համար: Երբևիցե պետք չէ թերագնահատել այդ պայքարը: Սակայն կան պայքարի երկու փոխլրացնող տեսակներ. պայքար հետևանքների դեմ, և պայքար պատճառների դեմ: Պետք է կարողանալ նաև “քաղաքական լծակի օրենքը” օգտագործել և հասնել նրան, որ երկրում մշտապես որոշակի քաղաքական սկզբունքներ կիրառվեն, օրինակ, պետք է բոլոր հանքերի շահագործման դեպքում պարտադիր հասարակական քննարկումներ տեղի ունենան, որին համայնքը կմասնակցի, պետք է հաշվի առնվեն նաև երկրի ողջ հասարակության տնտեսական և բնապահպանական շահերը: Այսինքն`որևէ որոշման կայացման համար բազմակողմանի քննարկում պետք է լինի, ինչը բացակայում է մեր երկրում:
Քաղաքականությունն ինչ-որ մի միստիկ ոլորտ չէ, որ անհնար է պատկերացնել ու հասկանալ, և քաղաքացիներն իրենց քաղաքացիական գիտակցության աճի ընթացքում անխուսափելիորեն հասնում են քաղաքական որոշումների համար իրենց բաժին պատասխանատվության և իրավունքների հարթությանը: Այդ իմաստով չկա հակասություն քաղաքացիական և քաղաքական դաշտի միջև:
-Պարոն Չուգասզյան, ճիշտ է, խմբերը կան, բայց դրանք մեծ խմբեր չեն, պայքարը փոքր խմբերով է տեղի ունենում, և միայն ընտրությունից ընտրություն է երկրում ակտիվություն նկատվում:
-Անկասկած “ընտրական” փուլի ժամանակահատվածը հատուկ կարևորություն ունի ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար, սակայն մենք տարբերում ենք “ընտրությունների” ժամանակաշրջանի կարևորությունը բուն “ընտրություններին” մասնակցելուց: Խորհրդարանական և նախագահի “ընտրությունների” ողջ փուլը, հատուկ ժամանակ է քաղաքական արթնացման, քաղաքական մոբիլիզացման համար: Ուրիշ բան, որ մենք ասում ենք, որ կեղծ ընտրություններին մասնակցելը, բացի նրանց լեգիտիմացնելուց և հուսահատության նոր ալիք ստեղծելուց, այլ արդյունք ունենալ չի կարող, ուստի “Սարդարապատը” իմաստ չի տեսնում նրանց մասնակցելու մեջ: Պետք է տեղի ունենա մարտի մեկից մարտի երկուսի անցում, դատապարտում: Պետք է տեղի ունենա նեխած ընտրամեքենայի մեխանիզմի ապամոնտաժում: Ընտրական հանձնաժողովներում նույն մարդիկ են նստելու:Այս դեպքում ինչպես ակնկալել ընտրությունների լեգիտիմ արդյունք:
Ինչ վերաբերում է փոքր խմբերին, ապա ջուրն էլ է այդպես սկսում եռալ: Սկզբում փոքր քանակով պղպջակներ են հայտվում, իսկ հետո դառնում համատարած եռք:
-Այս դեպքում, կարծում եք, լավագույն տարբերակն ընտրություններին չմասնակցե՞լն է:
-Մենք ասացինք` մենք չենք մասնակցում, բայց մենք բոլոր իսկապես ընդդիմադիր շրջանակներին`անկախ նրանից, նրանք “ընտրություններին” մասնակցելու են, թե ոչ, մի հարց ենք տալիս: Ի˚նչ եք անելու հերթական կեղծման պարագայում: Կոչ ենք անում այսօրվանից ևեթ միասին մտածել և պատրաստ լինել այլընտանքական քաղաքական լուծումներին: Մենք նախաձեռնում ենք քննարկումներ այդ հարցի շուրջ, և այստեղ ոչ թե “Սարդարապատ” շարժման նախաձեռնող անդամներն են կամ միայն համակիրները, այլ այն մարդիկ, ովքեր ունեն այլընտրանքի մասին գաղափարներ: Նրանց առաջարկում ենք միասին մտածել հարցի շուրջ` անկախ քաղաքական այս կամ այն ուժին հարելուց:
-Այսինքն` մտածել` ի՞նչ անել չընտրությունների հաջորդ օրը…
-Ոչ թե հաջորդ օրը, այլ հենց այսօրվանից պետք է պարզենք` որն է լինելու այլընտրանքը: Մենք կարծում ենք` այլընտրանք կա, մեր ժողովրդի վերջը չէ, այլ այն համակարգի վերջն է մոտենում, որ գործել է մեր երկրում: Դա ցույց են տալիս համաշխարհային քաղաքական զարգացումները` արաբական, արևմտյան, ռուսական և այլն: Աշխարհը մտել է նոր քաղաքական ստեղծագործության փուլ: Այս իմաստով, մենք վերջին տեղերում չենք: Մեր ժողովուրդը բավականին ակտիվ վիճակում է: Այն սոցիալական կապիտալը, այն սոցիալական էներգետիկան, որ ձևավորվել է վերջին երեք տարիներին, շատ ժողովուրդներ կերազեին ունենալ: Համաձայն չեմ այն մտքի հետ, երբ ասում են համախմբում չկա: Այս փուլում դա չպետք է լիներ, այս փուլում հենց այդ ակտիվությունն է կարևոր, որը ձևավորում է իրեն վերաբերող որոշումների կայացմանը ժողովրդի մասնակցության նոր մեխանիզմների հիմքերը: Ոչ թե ժողովուրդն է ապաքաղաքական, այլ “քաղաքական ընտրախավին” պետք է մեղադրել, որ իրենք են ապաքաղաքականացվել և կտրվել իրենց ժամանակից և ժողովրդից, դրա համար ժողովուրդը գերադասում է չմասնակցել “քաղաքական ընտրախավի” կողմից մանիպուլացվող պրոցեսներին: Ժողովուրդը քաղաքական նոր հուն է որոնում: Քաղաքացիական բոլոր “վտակները” ի վերջո դառնալու են մի հզոր “գետ”, որտեղ ապահովվելու են ժողովրդական մասնակցության նոր ձևերը: Շատերի համար ժողովրդավարությունն անհասկանալի բառ է, և հաճախ կարելի է լսել, որ այն կապ չունի մեր ժողովրդի մենթալիտետի հետ: Սակայն չկա որևէ ազգային մենթալիտետ, ուր չլիներ մարդկանց`իրենց վերաբերող որոշումներին, իրենց կյանքին, իրենց ճակատագրին, երեխաների ապագային վերաբերող որոշումներին մարդկանց մասնակցության խնդիր, ինչպես և չկա որևէ ազգային մենթալիտետ, ուր չլիներ արժանապատվության խնդիր: Ամեն մշակույթ այս հարցերի լուծման յուրահատուկ ավանդույթի կրող է, սակայն մշակույթի կենսունակությունը պահանջում է խնդրի դրվածքի և ավանդույթի պարբերական թարմացում և վերամեկնաբանում:
-Ժողովուրդը քաղաքական նոր հո՞ւն է մտնում, թե նոր է ձևավորվում քաղաքական մշակույթ: Շատերը փաստում են, որ այս քսան տարիներին քաղաքական մշակույթ չի ձևավորվել:
-Մենք լավ չենք վերլուծել այս քսան տարիները: Քսան տարին մի շրջան է` իր գարունով ամառով, աշունով և ձմեռով: Այդ շրջանն ավարտվում է, մենք հիմա ձմեռն ենք ապրում: Գարունը 88-ի շարժումն էր, երբ քաղաքական պրոցեսներին և որոշումների կայացմանը ժողովուրդը որոշակիորեն մասնակից էր: Եվ պատերազմին էր մասնակից: Մարդիկ միայն հրամաններ չէին կատարում, ինքնուրույն գիտակից որոշումներ էին կայացնում, և դրա շնորհիվ ժողովուրդը հաղթեց պատերազմում: Պետք չէ մտածել, որ 20 տարիները իրար հավասար տարիներ էին: Հետո առաջացավ նոր իրավիճակ, մասնակցության նոր անկում եղավ, և դրա պատճառով երկիրը շատ արագ այդ մի ցիկլը վերջացրեց: Այսինքն` այն, ինչ կոչվում է երրորդ հանրապետություն, գարունից մինչև ձմեռ բոլոր փուլերն անցավ: Սա չի նշանակում, որ հիմա Հայաստանի կամ հայ ժողովրդի ավարտն է: Սա երրորդ հանրապետության ավարտն է, և երկիրը հիմա նախապատրաստվում է մի նոր գարնանային վիճակի: Այդ գարնանային վիճակին պետք է ձմեռը նախապատրաստվել, ոչ թե ասել լավ, գարունը թող գա, այդ ժամանակ կորոշենք` ինչ ենք անում: Այդ գարնանը պետք է լավ նախապատրաստված լինես, որ, օգտվելով եղանակի տաքացումից, իմանաս քայլերդ ինչ ես անելու:
-Ելքը լավ նախապատրաստական աշխատանքի մե՞ջ եք տեսնում, մինչդեռ ընտրություններին որոշել եք չմասնակցել:
-Խնդիրն հետևյալն է: Ինչպես ստեղծել Հայաստանում այլընտրանքային իշխանության սաղմերը, ինչպես ստեղծել այլընտրանքային իշխանություն Հայաստանում, ինչպես ժողովուրդը կարող է իսկապես մասնակցել այդ պրոցեսներին, ոչ թե դա պետք է լինի մի խումբ, որը հեղաշրջում պետք է անի երկրում, այլ ինչպես անել, որ այն սոցիալական ակտիվը, որը գոյություն ունի, մասնակից դառնա քաղաքական պրոցեսներին, ինչու չէ նախաձեռնի նոր քաղաքական պրոցեսներ և ապահովի այլընտրանքային իշխանություն ստեղծումը: Դա տարբեր ձևով կարելի է կոչել. Այլընտրանքային խորհրդարան, Քաղաքացիների ֆորում, Սահմանադրական ժողով և այլն, և սա անմիջական կամ ուղիղ ժողովրդավարության ապահովման իսկապես նոր ստեղծագործական ձևեր են, որոնք պետք է լրացնեն ներկա քաղաքական համակարգը, որն այլևս չի գործում, և ապահովեն նրա տրանսֆորմացիան գործող հզոր քաղաքական շարժիչի: Արժեզրկվածը կտրանսֆորմացվի և կվերակենդանանա, երբ այլընտրանքը սկսի աշխատել: Իմ ասածը չի նշանակում, որ մենք ներկայացուցչական ժողովրդավարության կառավարման ողջ կառուցվածքը, որը կիրառվում է աշխարհում, մերժում ենք, և ասում, որ զրոյից պետք է ստեղծենք նոր քաղաքական համակարգ: Ամբողջ աշխարհն է որոնումների մեջ` ինչպես անել, որ ավելցուկային սոցիալական էներգիան ուղղվի ոչ թե հին քաղաքական կառույցների լիակատար ոչնչացմանը, այլ`արմատական նորացման աղբյուր հանդիսանա: Այսինքն`այդ գարնանային հեղեղումը պետք է ոռոգի, ոչ թե ավերի: Սակայն պետք է լինել քաղաքականապես շատ միամիտ և անպատասխանատու չնկատելու քաղաքական եղանակի տաքացումը և չկանխատեսելու համար հնարավոր “հեղեղումները” Հայաստանում և չնախապատրաստվելու համար դեպքերի նման զարգացմանը:
-Տեքստեր կա՞ն գրված և արդյոք ռեալիզացնել կարողանում եք:
-Այսօր տեքստեր են արտադրվում, հասարակությանն էլ այն հասու է դառնալու շուտով, և ով ցանկանում է կարդալ, կարող է կարդալ ինտերնետում, որտեղ այդ տեքստերի շուրջ քննարկումներ են ծավալվում: Ուրիշ բան, որ մեր նպատակը ժողովրդին հենց այսօր փողոցներ հանելը, և հենց այս պահին իշխանափոխություն անելը չէ, այլ ինչպես ասեցի այլընտրանքային իշխանության սաղմերի ստեղծումը և այն բանի հստակեցումը, թե ինչ ենք առաջարկելու ժողովրդին իշխանափոխությունից հետո: Ոչ թե դու ծնում ես մի պրոցես, որը հանգեցնում է իշխանափոխության`անհասկանալի հետևանքներով, այլ երրորդ հանրապետության “ձմեռվա” ընդերքում զուգահեռ ծնվում է չորրորդ հանրապետության “գարունը”:
-Ինչո՞ւ չորրորդ հանրապետություն: Ինչո՞ւ չփորձենք երրորդում անելիքները վերջացնել:
-Իհարկե, սա պայմանական անվանում է, բայց այն հեշտացնում է ընկալումը, որովհետև սպառված համակարգ է: Մարտի մեկից հետո մենք այդ համակարգը սպառել ենք, սա մահացած համակարգ է, որը ցույց է տալիս, որ լեգիտիմ իշխանություն այլևս գոյություն չունի, կա նշանակովի “ադմինիստրացիա”: Մինչև մենք “Արի տուն” անհասկանալի ծրագիր ենք իրականացնում, մեզ մոտ աճում է արտագաղթը, Աբխազիայի նման երկիրը հայրենադարձության ծրագիր է մշակում, իսկ մեզ մոտ այն աստիճանի ցինիզմ է, որ վարչապետը ասում է “Բա մնան Հայաստանում հեղափոխություն անե՞ն”, իսկ հաջորդ օրը ասում է`”կատակեցի”: Այդպիսի պայմաններում խոսել այն մասին, որ համակարգը կարող է էվոլյուցիոն ձևով թարմանա, անհեթեթ է: Համակարգի դեգրադացման “ամենափայլուն” դրսևորումը Նախիջևանին սահմանամերձ գյուղերի տնտեսական դեպորտացիայի ծրագիրն է Հայաստանում, տեղահանում, որը մեզ հիշեցնում է անցյալ դարի տասական թվականները, երբ գերմանացիները հայերի տնտեսական տեղահանության բիզնես ծրագիր ստեղծեցին, ուր, իհարկե, խոսք չկար կոտորածների մասին, սակայն ավարտվեց ցեղասպանությամբ: Հիմա նորից գերմանական ընկերության մասնակցությամբ Հայաստանում տեղի է ունենում տնտեսական տեղահանության ծրագիր: Ո՞ւր է երրորդ հանրապետության կառավարությունը, ինչպե՞ս հավատամ, որ այս քաղաքական համակարգը ունակ է դրական էվոլյուցիայի, եթե երկրում նման բնույթի վտանգավոր պրոցեսներ են ընթանում, ինչպե՞ս հավատամ, որ այս կառավարման համակարգը էվոլյուցիայի ենթակա է, եթե հազար տարվա Գոշավանքի պատերի արձանագրությունը “բալգարկայով” մաքրում են ճիշտ այնպես, ինչպես վրացի կամ թուրք ազգայնական բարբարոսներն են մաքրում հայկական եկեղեցիների արձանագրությունները: Սա բացատրվում է մեկ բանով` այս քաղաքական համակարգը, որի միակ աստվածը նյութապաշտական “Ոսկե հորթն” է, նույնքան թշնամի է մեր երկրին, որքան թուրք ազգայնական բարբարոսությունը:
-Ինչո՞ւ այդ տեքստերը, որոնք ասում եք կան, չեն վարակում հասարակությանը:
Այդ տեքստերը առաջիկայում ավելի ու ավելի են երևալու: Սակայն դրանք ապրող տեքստեր են և իրենց արժեքը այն արարքների մեջ է լինելու, որոնք ապահովելու են իրական այլընտրանքային իրականության ստեղծումը:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 16-1-2012.
Monday, January 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment