Monday, February 6, 2012

Պենտագոնի ղեկավարը նշել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ժամկետները

News.am. 5-2-2012- Իսրայելն Իրանի միջուկային օբյեկտներին կարող է հարվածել 2012թ. ապրիլից հունիս հատվածում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, որի խոսքերը փոխանցել է The Washington Post-ի մեկնաբան Դեյվիդ Իգնատիուսը, ով Պենտագոնի ղեկավարին ուղեկցում էր Բրյուսել այցի ընթացքում: Պանետան նշել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականությունը մեծ է: Իսրայելում մտահոգված են, որ Իրանը շուտով ստորերկրյա լաբորատորիաներում մեծ քանակի ուրան կունենա ռումբի պատրաստման համար: Դրանից հետո, իսրայելցիների կարծիքով, Թեհրանը կմտնի «անձեռնմխելության գոտի», եւ նրան կանգնեցնել կարող է միայն ԱՄՆ-ը, ինչը ձեռնտու չէ իսրայելական կողմին: Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելում դիտարկում են կարճատեւ` հնգօրյա պատերազմի տարբերակը: Միաժամանակ իսրայելցիները խոստովանում են, որ, հավանաբար, Իրանի միջուկային ծրագրին մեծ վնաս հասցնել չի հաջողվի, ուստի մի քանի տարի անց նոր հարվածի անհրաժեշտություն կառաջանա: Ինչպես գրում է Իգնատիուսը, Պանետան եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարում են, որ ԱՄՆ-ը դեմ է ռազմական գործողություններին: Վաշինգտոնի կարծիքով` Թեհրանի նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցներն արդեն արդյունք տալիս են: Սակայն Վաշինգտոնը դեռեւս չի որոշել ինչպես կվարվի, եթե Իսրայելը, այնուամենայնիվ, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: ԱՄՆ-ում փորձում են պարզել, թե ինչ գործողություններ կձեռնարկի Իրանը:

No comments: