Monday, February 6, 2012

Թուրք փոխվարչապետը Թուրքիային քննադատող ամերիկացի գրողին Աթաթուրքին է նմանեցրել

News.am. 5-2-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Թուրքիային քննադատած ամերիկացի հայտնի գրող Պոլ Օստերին նմանեցրել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետին խնդրել են մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ամերիկացի Պոլ Օստերի միջեւ սկսված վիճաբանությունը, որին ի պատասխան Առընչը նշել է, թե սխալ է մեղադրել Էրդողանին նրա համար, որ նա պատասխանել է գրողի հայտարարություններին։ «Պոլ Օստերը շատ նման է Աթաթուրքին։ Ֆիլմերի համար տարբեր երկրներից Աթաթուրքի նման շատ դերասաններ են բերել, սակայն Աթաթուրքին ամենաշատը նման է Օստերը։ Կարելի քննարկել ինչ որ սցենար, եթե նա Թուրքիա գա, նրան առաջարկել կատարել Աթաթուրքի դերակատարումը»,-նշել է Առընչը՝ հավելելով, որ նմանություն ասելով ինքը նկատի ունի միայն դեմքի նմանությունը։ Նշենք, որ Պոլ Օստերն ավելի վաղ ասել էր, թե չի այցելի Թուրքիա, քանի որ այնտեղ ժողովրդավարության պակաս կա եւ բանտերում են գտնվում շատ լրագրողներ ու մտավորականներ, ինչին ի պատասխան Էրդողանը առհամարանքով ասել էր, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե Պոլ Օստերը կգա՞ Թուրքիա, թե՝ ոչ։ Ամերիկացի գրողը պատասխանել էր Էրդողանի այս խոսքերին՝ նշելով. «Էրդողանը Իսրայելի հասցեին ինչ ուզում է թող մտածի, միեւնույնն է՝ Իսրայելում խոսքի ազատություն կա եւ բանտերում լրագրող չկա, իսկ Թուրքիայում 100 լրագրող գտնվում է բանտում։ Ամեն երկիր էլ թերություն ունի, սակայն իրավիճակի լավացման համար պետք է կարողանալ խոսել առանց բանտում հայտնվելու վտանգի։ Դա սրբազան օրենք է»։

No comments: