Monday, February 6, 2012

Ի՞նչ են խոսում ադրբեջանցիներն իրենց բլոգներում հայերի մասին. պարզել է International Alert-ը

Tert.am. 5-2-2012- International Alert միջազգային խաղաղարար կազմակերպությունն ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերում մարդիկ ինչպես են ընկալում միմյանց: Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան Balcanicaucaso.org կայքից, կազմակերպությունը հակամարտության «հետևում» ընթացող գործընթացների դինամիկան հասկանալու համար վերլուծության է ենթարկել բազմաբնույթ աղբյուրներ՝ պատմության դասագրքեր, մեդիա, բլոգներ, ինչպես նաև քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվելու են ավելի ուշ, հետազոտական խմբի անդամներից մեկը, սակայն, հրապարակել է հետազոտության որոշ տվյալներ, որոնք վերաբերում են ադրբեջանական բլոգներում հայի կերպարի ընկալմանը: «Ուսումնասիրությանս ընթացքում փորձել եմ պարզել, թե որոնք են հայերին ու Հայաստանը վարկաբեկելու համար ադրբեջանական բլոգ միջավայրում մշտապես օգտագործվող կարծրատիպերը և քարոզչական հնարքները»,- գրում է հեղինակը և հավելում, որ, ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ առցանց մեդիայի «ոճը» ավելի «հայատյաց է», քան ավանդական մեդիայինը: Փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի բլոգ միջավայրին, նշում է, որ այն մոտ մեկ տասնամյակի պատմություն ունի, սակայն առավել մեծ տարածում բնակչության շրջանում ստացել է վերջին երկու-երեք տարիների ընթացքում: «Freedom House-ի վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում մոտ 27,000 բլոգներ կան, որոնցում քննարկվող թեմաները բազմազան են, ամենից շատ քննարկվող թեման, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները....: Այդ բլոգները կարելի է անվանել «ատելության բլոգներ»,-գրում է նա: International Alert -ի մասնագետի կողմից «ատելության բլոգների» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ադրբեջանական բլոգ միջավայրում հայերին վարկաբեկելն ուղեկցվում է անվանարկմամբ, նսեմացմամբ, նվաստացուցիչ համեմատություններով և այլն: Հեղինակն ընդգծում է, որ բլոգներում հայերին տրվում են այնպիսի բնորոշումներ, որոնք նույնիսկ իր համար են տհաճ ընթերցել. «Կարծես հեղինակներն իրենց և իրենց ընթերցողներին փորձում են համոզել, որ հայը մարդկային արարած չէ, և միանգամայն բնական է նրան նվստացնելը, նսեմացնելը, սպանելը, նրանց բոլորից ազատվելը»: Որպես օրինակ հեղինակը մեջբերում է շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հայ քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ ադրբեջանական բլոգներից մեկում տեղ գտած արձագանքը` «Հայերի թիվը մեկով պակասեց, և դա այս պատմության ամենաուրախ մասն է»: Փորձագետն ընդգծում է, որ մեկ ուրիշ բլոգում ադրբեջանցիները Հայաստանը համեմետում են վարակի հետ, որը պետք է «արմատախիլ արվի». «Խոզի գրիպի, թռչնագրիպի կողքին կա նաև «հայկական գրիպ», որը գրիպի ամենածանր տեսակն է: Այդ գրիպի ախտանիշներ են կեղծավորությունը, սուտը, երկակի չափանիշները»: Հեղինակը, վերջում անդրադառնալով հակամարտությունների կարգավորման հարցում մեդիայի ունեցած դերին, ընդգծում է, որ վերոնշյալը վկայությունն է այն բանի, որ ադրբեջանցի երիտասարդությունը մեծապես ազդվում է երկու երկրների՝ մեդիայում, քաղաքական հայտարարություններում և այլնում դրսևորվող բացասական հարաբերություններից: «Եվ սա վառ օրինակ է այն բանի, որ, չնայած իր ազատական հսկայական ներուժին, ինտերետը, ըստ էության, չի կարող միանշանակորեն դրական որակվել, քանի որ դա կարող է օգտագործվել առկա կարծատիպերի ամրապնդման համար....: Ինչպես ուսումնասիրությունը ցույց է տալիս, Ադրբեջանում շատ երիտասարդներ հակամարտության վերաբերյալ խիստ դիրքորոշում ունեն, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից»,- եզրափակում է հոդվածագիրը:

No comments: