Monday, February 6, 2012

Միջուկային զենք Հայաստանին

«Լրագիր» 6-2-2012- Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է. “Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Թեհրանին թույլ չտանք միջուկային զենք ստեղծել, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա տարածաշրջանում կսկսվի սպառազինությունների մրցավազք՝ միջուկային սպառազինությունների մրցավազք”, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Իսկապես, եթե միջազգային հանրությունն Իրանին թույլ տա ունենալ միջուկային զենք, եւ դա արդեն լինի կատարված փաստ, եթե իհարկե դեռեւս այն անկատար է, ապա տարածաշրջանի երկրները պարզապես ստիպված են լինելու մտածել միջուկային զինանոցի մասին: Միջազգային հանրությունն այդ դեպքում ոչ միայն “բարոյական” իրավունք չի ունենա արգելակել տարածաշրջանի որեւէ երկրի միջուկային ծրագիր, այլ նաեւ թերեւս հենց ինքն առաջին հերթին շահագրգռված կլինի, որ Իրանը շրջապատված լինի միջուկային երկրների օղակով՝ այն ծառայեցնելով որոշակիորեն որպես զրահ: Տարածաշրջանը բավական բարդ տարածաշրջան է, խաչաձեւ շահերով, հետեւաբար, եթե այդտեղ ի հայտ է գալիս միջուկային տերություն, ապա մյուս երկրների համար էլ միջուկային ծրագիրը դառնում է ազգային անվտանգության հրամայական: Ավելին, շատ երկրներում դա թերեւս պետք է արդեն իսկ դառնա ազգային անվտանգության օրակարգի քննարկման կարեւոր հարցերից մեկը: Այդ թվում նաեւ Հայաստանի պարագայում: Իհարկե, մեր ազգային անվտանգությամբ զբաղվող մարմնի օրակարգում կարծես թե առավելապես կոնյակի վաճառքի նոր շուկաներ եւ տրակտորների ներկրում ապահովելն է, բայց երեւի թե ժամանակն է լրջացնել ազգային անվտանգության հարցերի քննարկման ինտիտուտը եւ դիտարկել հնարավոր մարտահրավերները, այդ թվում միջուկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների սցենարները: Բանն այն է, որ եթե հանկարծ միջազգային հանրությունն իրանական հարցում այսպես ասած “կիքս” տա եւ թույլ տա Իրանին միջուկային զենք ունենալ, ապա չի բացառվում, որ դրա հաջորդ օրն իսկ միջուկային ծրագրի մասին կհայտարարեն Թուրքիան ու Ադրբեջանը եւս, որոնք կհամարեն, որ Իրանի միջուկային տերություն լինելն իրենց պարտադրում է ազգային անվտանգության նկատառումից ելնելով եւս ունենալ միջուկային զենք: Այդ պարագայում, թերեւս ճիշտ տարբերակը կլինի այն, որ Հայաստանը հույսը դնի իր միջուկային ծրագրի վրա, ոչ թե ասենք ռուսական միջուկային վահանի: Բանն այն է, որ այդ վահանը Հայաստանի պարագայում կարող են աշխատեցնել այնպես, ինչպես սահմանների պաշտպանության հարցում են աշխատում՝ Հայաստանի սահմանների պաշտպանության ռուսական սահմանապահ գնդերը վերածելով ռուսական բանակի “տուգանային գումարտակի”՝ ում պատժում են կամ ումից փորձում են ազատվել, ուղարկում են Հայաստան ծառայության: Նույնը կարող է լինել նաեւ միջուկային վահանի դեպքում, երբ միջուկային ռումբերը մեզ պաշտպանելու փոխարեն, պայթեն հենց մեր իսկ տարածքում: Ի վերջո, ռուսական միջուկային սուզանավերի պատմությունները բավական խոսուն են Ռուսաստանի միջուկային զինանոցի արդիականության մասին հնարավոր դիտարկումների համատեքստում: Հայաստանը պետք է հույսը դնի միայն սեփական միջուկային զինանոցի վրա, եթե հանկարծ Իրանը հայտարարի միջուկային զենք ունենալու մասին: Հայաստանը դրանից հետո պետք է հետ չմնա Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլապես դա կարող է լինել ճակատագրական: Ի դեպ, ԱՄՆ նախագահի հայտարարությունը նաեւ վկայում է, որ եթե Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելը հնարավոր չլինի, ապա ԱՄՆ որոշակիորեն դրական կարող է վերաբերել տարածաշրջանի որոշ երկրներում միջուկային ծրագրերի հեռանկարներին: Այլ կերպ ասած, կարող է քննարկել նաեւ դրանց աջակցելու հարցը՝ ի հակակշիռ Իրանի, որն իր միջուկային զենքը բնականաբար կարող է առաջին հերթին ծառայեցնել տարածաշրանում գերակայության հասնելու, տարածաշրջանում անվերապահ ազդեցություն հաստատելու նպատակներին: Իսկ այդ գործում, Հայաստանում միջուկային զենքի առկայությունը դառնում է տարածաշրջանային, մասնավորապես հարավկովկասյան հատվածի համար գերկարեւոր խնդիր՝ տարածաշրջանային հավասարակշռության ապահովման տեսանկյունից, որովհետեւ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ցուցաբերեցին այդպիաի հավակնություններ, ապա Արեւմուտքը ամենայն հավանականությամբ կարող է եւ ի հակակշիռ Իրանի չզսպել այդ ծրագրերը, բայց այդ դեպքում էլ ի հակակշիռ Թուրքիայի եւ Ադրբեջանի, թերեւս շահագրգռված կլինի նաեւ զուգահեռ խրախուսել Հայաստանում միջուկային զենքի ստեղծում, նաեւ այն հաշվարկով, որ դառնալով այդ զենքի “կնքահայրը”, կարող է նաեւ միաժամանակ թուլացնել Ռուսաստանի ռազմաքաղաքական դոմինանտությունը Հայաստանում եւ տարածաշրջանում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: