Tert.am. 6-2-2012- «ԱԿՕՍ» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութան գործով ձերբակալված և դատական որոշմամբ արդարացված Էրհան Թունջելը ազատ արձակվելուց հետո ուշագրավ մանրամասներ է հրապարակել: Խորհուրդ տալով ուսումնասիրել Դինքի սպանությունը հրահրող Յասին Հայալին այցելության ժամանակ եկածների ցուցակը` նա ասել է, որ Հայալը կապված է եղել «Էրգենեքոն» գաղտնի կազմակերպության հետ:
19 օր առաջ ազատ արձակված Էրհան Թունջելը երեկ «Star» թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է. «Մինչ Տրապիզոնում գտնվող McDonald’s-ում իրականացրած պայթյունի համար բանտում հայտնվելը Յասին Հայալը Դինքին սպանելու որևէ մտադրություն չի ունեցել: Այդ միտքը նա հղացել է բանտարկվելուց հետո: Երբ Յասինը Տրապիզոնի բանտում էր, նրան ուղարկեցին Ստամբուլի հոգեբուժարան: Հոգեբուժարանում գտնվելու ժամանակ նրան այցելության եկածների ցուցակը դատարանը պահանջել էր, բայց որևէ տեղեկություն չէր ստացվել: Որովհետև Յասինին այցելողները նրան նախապատրաստել էին Դինքի սպանության համար»:
Radikal.com-ի փոխանցմամբ, Դինքի սպանության դատավարության ժամանակ հայցվոր կողմը պնդում էր, որ բանտում գտնվելու ժամանակ Յասին Հայալին այցելության էր եկել այս պահին արդեն Էրգենեքոնի գործով ձերբակալված թոշակառու գեներալ Վելի Քյուչուքը:
Թունջելը ներկայացրել է մի քանի այլ հետաքրքիր փաստեր ևս. նրա պնդմամբ` տարբեր պատճառներով Յասինը շատ հաճախ է այցելել Տրապիզոնի ոստիկանատուն: Եթե այդ ժամանակվա Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշադ Ալթայը որևէ բացատրություն չտա դատարանի առջև, ապա Դինքի սպանության գործը չի բացահայտվի, որովհետև Տրապիզոնի ոստիկանապետը հետախուզական ծառայության աշխատակիցների հետ միասին 7 ամիս շարունակ հետևել է Յասին Հայալի գործողություններին: Մինչդեռ նրանցից և ոչ մեկը դատարանի առջև չի կանգնել բացատրությաւն տալու նպատակով:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment