Monday, February 6, 2012

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը

Panorama.am. 6-2-2012- Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Պոլսի «Ագոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի գործով թուրքական դատարանի կայացրած դատավճիռն իրենց խորապես հիասթափեցրել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika.com) լրատվական կայքը: Ըստ աղբյուրի`Բրյուսելում կազմակերպված «Եվրոպական սեղանի» ընթացքում եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով համազեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը, նշելով, որ Դինքի դատավարությունը Թուրքիայի համար բաց թողնված հարմար առիթ էր, ասել է. «Թուրքիան առիթը բաց թողեց և մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ այս երկրի դատաիրավական համակարգը, միանշանակ, բարեփոխումների կարիք ունի: Եվրախորհրդարանում բոլորը համակարծիք են, որ իրավիճակն ամոթալի է»: Իր հերթին անգլիացի խորհրդարանական Էնդրյու Դաֆֆը, նշելով, որ անձամբ ծանոթ է եղել Հրանտ Դինքի հետ, ասել է. «Նա մեծատառով մարդ էր. առիթ եմ ունեցել նրա հետ մի քանի անգամ հանդիպելու: Շատ ամոթալի է այն իրողությունը, որ սպանությունից հետո այսքան ժամանակ է անցել, բայց այն դեռ ամբողջապես չի հետաքննվել ու դատապարտվել: Կան երիտասարդ, առաջադեմ, լիբերալ փաստաբաններ, որոնք պաշտպանում են այն տեսակետը, որ երկրի դատական համակարգը պետք է բարեփոխել: Սակայն դա հեշտ բան չէ: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) այս հարցում անորոշ տեսակետ ունի: Նրանք հակված են ռեֆորմներ անելուն, բայց արագ գործի անցնելու համար անհրաժեշտ քաջությունը չունեն»:

No comments: